211652_close_icon
views-count1702 դիտում article-date 14:56 04-03-2025

ՀՀ օրհներգը, բացի դպրոցներից և բուհերից, կհնչի նաև մանկապարտեզներում և ուսուցման այլ հաստատություններում. Անդրեասյան

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո, բացի դպրոցներից և բուհերից, որտեղ արդեն իսկ գործող տարբերակով պետք է հնչեր, օրհներգը կհնչի նաև նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում: Այդ մասին, այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար, հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը:

«Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել կատարման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասաց նախարարը:

Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց՝ թեև «ՀՀ օրհներգի մասին» օրենքով նախատեսված էր, որ այն պետք է կատարվի տեքստին և երաժշտությանը համապատասխան, սակայն չկար պաշտոնական, մեկ միասնական տարբերակ, և այն իմպրովիզներով էր կատարվում:

Ըստ պատգամավորի՝ ՀՀ օրհներգն այսուհետ պետք է հնչի կամ կատարվի բացառապես ԿԳՄՍՆ-ի հրապարակած պաշտոնական տարբերակին համապատասխան:

Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակներն են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Նմանատիպ նյութեր