211652_close_icon

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 688 հազար դոլար արժեքով հողամասը

views-count454 դիտում article-date 12:22 10-03-2025
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 688 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով 7,090 քմ մակերեսով հողամասը: Հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Ս.-ի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Մասնավորապես՝ պահանջվել էր որպես հետևանք անվավեր ճանաչել հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված անշարժ գույքի նկատմամբ կատարված Ա.Ս.-ի իրավունքի պետական գրանցումը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 6-ին դատարանի կողմից բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ նույն տարածքում գտնվող մեկ այլ հողամասի վերաբերյալ հայցադիմումը: Այդ վճռի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝  «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով հողամասը: 

Նմանատիպ նյութեր