211652_close_icon

Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան

views-count2560 դիտում article-date 13:28 23-04-2025
Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը պանգասիուս տեսակի ձուկն է, որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում և նրանց ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով. գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր, աղբ և այլն, բացի գետի աղտոտվածությանը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը՝ բավականին մատչելի գնով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, գյուղատնտես  Հարություն Մնացականյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով թեմային ասաց,  սպառողը տեսնում է դրսից ներկրված ձուկ, որի գինը բավականին մատչելի է,  ու այսպես ասած՝ գայթակղվում. «Մեր շուկայում ձկան գինը բավականին թանկացել է, ոչ թե նրա համար, որ ինքնարժեքն է  թանկացել, այլ որովհետև արտահանվող ձուկը մի քիչ ավելի թանկ գնով է մթերվում և  ըստ էության, գինը ձևավորվում է առաջարկ-պահանջարկից ելնելով, և հնարավորություն է եղել ավելի թանկ գնով վաճառվել՝վաճառվում է», -նշեց Պիպոյանը:  

Պիպոյանի խոսքով, եթե ՌԴ-ում որոշակի սահմանափակումներ կիրառվեն, գինը միանգամից կնվազի:
«Այս ձուկը համարվում է շատ էժան ձուկ, մեկ հատի արժեքը՝ 700-800 դրամ է,  որը հատկապես վատ միջավայրում է աճեցվում և իրենից հնարավոր է տարբեր վտանգներ: Սպառողը քիչ բան գիտի այդ ձկան մասին, տեսնում է՝ էժան է, մտածում է՝ ակցիա է, ու այն գնում է որպես էժան ձուկ, հատկապես, եթե սպառողը թանկ ձուկ գնելու հնարավորություն չի ունենում:  Դրա համար շատ կարևոր  է իրազեկումը: Բայց ավելի կարևոր գործոն էլ կա, միշտ չէ, որ ձուկը վատն է  ու վտանգավոր,  այսինքն չի բացառվում, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզ կարող է դառնալ,  որ հինգ նմուշից մեկը փորձարկմամբ լրիվ նորմալ էր, բայց շատ կարևոր է երաշխավորված իմանալ, որ դա արդյոք ենթարկվել է մանրամասն հետազոտության, ոչ թե մի ցուցանիշ, երկու ցուցանիշով, այլ անվտանգության ամբողջ սպեկտրով՝ մանրէաբանությունից սկսած մինչև մնացորդներ և այլն:  Եթե այդպիսի ստուգում անցնի այդ ապրանքը, ապա ընդհանրապես չի ներմուծվի»,-վստահեցնում է Պիպոյանը:

Նրա խոսքով՝ մոտ տասը տարի առաջ էլի նման դեպք եղել է, սակայն կանխել են. «Նախկինում էլ, երբ աղմուկ եղավ, մենք ինքներս էլ բարձրաձայնեցինք, որ պետական կառույցները պետք է հետևողական լինեն, եթե ամեն խմբաքանակ նմուշառվի առանձին  և ենթարկվի լաբորատոր փորձարկման, ապա լաբորատոր փորձաքննությամբ  իր արժեքը բարձրացնալու  է , որովհետև ինքանարժեքի մեջ ունենալու է տեղ, դեր,  եթե հակաբիոտիկների, տարբեր մետաղների, մանրէաբանության բոլոր ցուցանիշների  նկատմամբ ստուգում է իրականացվում, հերիք չէ ծախս է անելու բիզնես անողը, մի բան էլ լինելու է ռիսկ, անհամապատասխանության դեպքում սեփական միջոցներով է տանելու ոչնչացման: Մեր շուկայում գինն անգամ վկայում է այն մասին, որ մեր շուկա չի գալիս այդ ձկան լավ տեսակը», -ասում է Պիպոյանը:  

Պիպոյանի խոսքով՝ ՍԱՏՄ-ն պարտավոր է նման ապրանքները մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Իսկ ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցում և, ամենայն հավանականությամբ, հետագծելիությամբ, նաև ներկրողի մոտ»:

Պիպոյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև ցուցանիշի նկատմամբ էլ շեղումը հայտնաբերել, օրինակ, եթե հայտնաբերվում է մանրէաբանական շեղում՝ այսինքն աղտոտվածություն և այլն, այդ դեպքում կարող է առաջանալ սրտխառնոց, աղիքային ինֆեկցիաներ, հիվանդություններ, ընդհուպ մինչև ջերմություն, սալմոնեա, նայած թե ինչ կհայտնաբերվի դրանցում. «Չի բացառվում նաև հակաբիոտիկների շեղում, չի բացառվում ծանր մետաղներով աղտոտված լինի և ունենա քաղցկեղածին էֆեկտ»,-եզրափակեց Պիպոյանը:

Նմանատիպ նյութեր