211652_close_icon
views-count82974 դիտում article-date 17:17 12-01-2014

Երևանի տրանսպորտի վարչության պետի որդին Porsche Cayenne-ով փորձում էր փախչել ոստիկաններից. ավտոմեքենայում հայտնաբերվել է դանակ և թմրանյութ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հետաքննիչ Հայկ Ներսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վարդանանց 78 հասցեի դիմաց գտնվող «Շին-Թրեյդ» ՍՊԸ տոնավաճառում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Սարգսյանի և ոմն Դավիթի միջև, որի ժամանակ Դավիթն իրեն պահել է քաղաքացիների նկատմամբ անհարգալից և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարաշի բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ոմն Դավիթը հանդիասանում է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 2/Բ շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նավասարդյանը: Որոշ ժամանակ անց ոստիկանները օպերատիվ նոր տեղեկություն են ստանում, որ Դավիթը իր Porsche cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենայով գտնվում է Գնունի փողոցում և Մարաշի բաժանունքի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ փորձում են կանգնեցնել Դ. Նավասարդյանին, որն այդ պահին Porsche cayenne-ով էր, սակայն նա դիմում է փախուստի: Ոստիկանները մինչև Բաբայան փողոց հետապնդում են «փախստականին», և ի վերջո վնասազերծում են նրան ու բերման ենթարկում Մարաշի բաժանմունք: Ավտոմեքենայում այդ պահին նրա հետ եղել են իր հորեղբոր որդին՝ Երևան քաղաքի Մելքումով թաղամասի բնակիչ, 29-ամյա Արթուր Նավասարդյանը, Արաբկիր 30 փողոցի բնակիչ, 29-ամյա Աշոտ Թովմասյանը և Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 29-ամյա Դավիթ Աբովյանը: Զննությամբ Դ. Նավասարդյանին պատկանող Porsche cayenne-ում հայտնաբերվում է 25-30 սանտիմետրանոց դանակ և կաթուցիչ, որի մեջ եղել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Հետաքննիչ Հ. Ներսիսյանի կողմից դանակն ու կաթուցիչը առգրավվել են և ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել են դատաքրեաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային և տոկսիկոքիմիական փորձաքննություն: Ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը Դ. Նավասարդյանին ծեծի է ենթարկել այն բանի համար, երբ վերջինս շինանյութի շուկայում գնումներ կատարելու ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի տղան է, ով անցյալ տարի նույնպես հայտնվել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում, երբ ինչ որ աղջկա հետ լկտի ու անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող քաղաքացիների նկատմամբ, ու այդ ժամանակ նույնպես դիմել էր փախուստի, սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին նրա փախուստը ու բերման ենթարկել Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան՝ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր