211652_close_icon
views-count15440 դիտում article-date 22:09 25-01-2014

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի տերերին չի հետաքրքրում վարորդների անվտանգությունն ու մեքենաների անվտանգ շահագործումը, կարևորը փողն է

Երբ Երեւանում ստեղծում էին ստորգետնյա ավտոկայանատեղիներին, քաղաքային իշխանությունները վստահեցնում էին, որ քաղաքը վերջապես կլիցքաթափվի երթեւեկությունը խցանող մեքենաներից, որոնք կայանում էին հենց փողոցների երկու եզրերին: Ստորգետնյա ավտոկայանատեղիները, ըստ հավաստիացումների, պետք է սպասարկվեին եվրոպական մակարդակով: Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 22 շենքի բնակիչ, 23-ամյա Վաղարշակ Հունանյանը իրեն պատկանող BMW X-5 մակնիշի 81 VR 008 համարանիշի ավտոմեքենայով և Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Մինասյանը իրեն պատկանող Mersedes մակնիշի 34 AL 899 համարանիշի ավտոմեքենայով փորձել են կայանել Երևանի Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները ավտոկայանատեղում առաջացած մերկասառույցի պատճառով վթարի են ենթարկվել՝ բախվելով կայանատեղիի բետոնե սյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք փաստն արձանագրելուց հետո նշել են, որ ոչնչով օգնել չեն կարող: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վարորդների պահանջով դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ առաջացած մերկասառույցի պատճառը հրդեհի համար տեղադրված խողովակներից թափվող ջուրն է: Վարորդներն արդարացիորեն դժգոհում էին, որ «զանգել ենք պարկովկի տերերին, ասում են՝ Երևանում չենք, բան չենք կարա անենք, ու նույնն էլ ԱՊՊԱ-ն, եկան, տեսան ու ձեռները թափ տալով գնացին»: Այս պահին դեռ պարզ չէ, թե ով է պատասխան տալու երկու վարորդների մեքենաներին պատճառված խոշոր վնասի համար: Հետաքրքիր է՝ տեղյա՞կ են մեր չինովնիկները, որ նման դեպքերում եվրոպական ավտոկայանատեղիների պատասխանատուներն անձամբ են փոխհատուցում պատճառված վնասը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր