211652_close_icon
views-count1528 դիտում article-date 19:52 30-01-2014

Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում

Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցեցին Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիսությանը հրավիրված էին նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը, Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամավորները, Թեհրանի հայոց Թեմի ազգային մարմինների, «Ալիք» հաստատության և ազգային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց՝ ի հիշատակ հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսանտներին հետ մղելիս հերոսաբար զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի: Իրանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ մեկնարկած ծրագրին հաջորդեցին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի և դեսպանության զինվորական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանի՝ հայոց բանակի անցած ուղու մասին ելույթները:

Նմանատիպ նյութեր