211652_close_icon
views-count1204 դիտում article-date 18:21 07-02-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Հանդիպումը ճանաչողական էր և հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրեց ոլորտի ներկա վիճակն ու վերջին տարիների զարգացումներն ու առաջընթացը։ Գյուղատնտեսության առաջնահերթությունների շարքում նախարարը հատկապես կարևորեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը: Դրականորեն արտահայտվելով նախկինում հայ մասնագետների կողմից լիտվական փորձի ուսումնասիրման հնարավորության մասին, հատկապես սննդի անվտանգության բնագավառում, նա նպատակահարմար համարեց այս ուղղությամբ համագործակցության շարունակումը։ Նախարարը նշեց նաև, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցելու Մաքսային Միությանը, այնուամենայնիվ, Եվրամիության հետ մեր ծրագրերը շարունակվում են և պիտի աշխատենք ավելի խորացնել մեր հարաբերությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Պետրիկասը լավատեսորեն արտահայտվեց հայ-լիտվական համագործակցության հետագա հեռանկարների մասին և պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի նպաստել դրանց հետագա ընդլայնմանն ու խորացմանը։ Հանդիպման ավարտին դեսպանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին փոխանցեց Լիտվայի գյուղատնտեսության նախարար Վ. Յուկնայի հրավերը՝ մասնակցելու 2014թ. ապրիլի 3-5-ը Կաունասում կայանալիք «Ագրոբալթ-2014» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։

Նմանատիպ նյութեր