211652_close_icon
views-count1337 դիտում article-date 10:01 11-02-2014

Հայաստանի 10֊նյակ գյուղերում, որտեղ տարվա կեսը ձյուն է, երեխաների 99 տոկոսը կյանքում դահուկ տեսած չկա, ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Սոչիի Օլիմպիադան և այն փաստը, որ հայաստանցի միայն չորս մարզիկ է մասնակցում դրան, հարմար առիթ է խոսելու Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման իրական մակարդակի մասին, որովհետև ձմեռային մարզաձևերի հաջողության համար անհրաժեշտ է երկու նախապայման՝ համապատասխան եղանակային պայմաններ և թանկարժեք ենթակառուցվածքներ։ Հայաստանում առկա են ձմեռային մարզաձևերը զարգացնելու համար անհրաժեշտ բոլոր եղանակային պայմանները։ Ողջ ձմեռվա ընթացքում մեր երկրի տարածքի կեսը ծածկված է լինում ձյան տակ։ Իսկ ահա ենթակառուցվածքների հարցում վիճակը դժվար է մխիթարական համարել։ Բիաթլոն, թռիչքներ դահուկով, բոբսլեյ, սահնակ, գեղասահք, կյորլինգ, չմշքավազք՝ ձմեռային գրեթե բոլոր մարզաձևերն ահռելի ենթակառուցվածքներ են պահանջում՝ միլիոնավոր դոլարների արժողությամբ։ և ուրեմն, ձմեռային մարզաձևերի վիճակը ձյունառատ ձմեռ ունեցող երկրներում ամփոփ պատկերացում է տալիս տվյալ երկրում բարեկեցության և կենսամակարդակի մասին։ Չնայած, մեծ հաշվով սա կարելի է ասել ընդհանրապես սպորտի մասին, թույլ սպորտն արդեն իսկ թույլ տնտեսության ուղղակի ապացույց է։ Ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է միջազգային հարաբերությունների, ազգային ինքնագիտակցության և համախմբման, հանցավորության և թմրամոլության դեմ պայքարի կարևորագույն գործիք, իսկ Հայաստանում առկա սակավաթիվ ձմեռային մարզական ենթակառուցվածքները ծառայում են հիմնականում փողատերերի վայելքներն ապահովելուն և նախագծված են եղել որպես այդպիսին։ Հայաստանի տասնյակ գյուղերում, որտեղ տարվա կեսը ձյուն է նստած, երեխաների 99 տոկոսը կյանքում դահուկ տեսած չկա, էլ չենք ասում դրանից ունենալու մասին։ Իսկ Ծաղկաձորն ու Մարզահամերգային համալիրը նրանց համար նույնքան են հասանելի, որքան Սոչիի ձմեռային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը։ Երկուսն էլ նրանք տեսնում են հեռուստացույցով։ Կիսատ-պռատ, համեմված տափակ մեկնաբանություններով։ Այս ամենի ֆոնին հայաստանցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանի, Արթուր Եղոյանի, Կատյա Գալստյանի, լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանի ներկայությունը Սոչիում արդեն իսկ սխրանք է և արժանի է շնորհակալության»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր