211652_close_icon
views-count10527 դիտում article-date 10:50 12-02-2014

Գերության անդառնալի հետևանքները. չդիմանալով սպասմանը՝ հաճախ հայրերն են ինքնասպան լինում, իսկ վերադարձից հետո՝ որդիները

Գերիների եւ նրանց հարազատների ամենամեծ փորձությունը սպասումն է, բայց, ցավոք, հարազատներից ոմանք չեն դիմանում սպասմանը եւ ինքնասպան են լինում: Ավելին, անգամ գերիներից ոմանք են վերադառնալուց հետո դիմում ինքնասպանության: [b]SHAMSHYAN.com[/b]-ը դեռեւս ակտուալ գերիների թեմայի շուրջ զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանի հետ՝ հասկանալու համար, թե սպասումը ինչ հետեւանքների է հանգեցնում եւ ինչ կերպ են դասավորվում գերիների եւ նրանց հարազատների ճակատագրերը: Այսպիսով, 90-ական թվականներից այս կողմ մոտ 1000 անհետ կորած ՀՀ քաղաքացիներ կան, և նրանց թիվը գնալով ավելանում է: Տիկին Մեսրոպյանը խոսելով սպասման ողբերգական հետեւանքների մասին՝ ընդգծեց, որ տասնյակ դեպքեր կան, երբ զավակների գերության ժամանակ հայրերը ինքնասպան են եղել: Մայրերը, թեեւ ինքնասպանության չեն դիմել, սակայն վշտից են մահացել: Ժորժետա Մեսրոպյանը, պատմելով Մկրտչյանների ընտանիքի ողբերգական պատմությունը, ասաց, որ Ղարաբաղում ծառայության ընթացքում 1998 թվականին տղան գերի է ընկնում, սակայն 1 տարի անց հայրը չդիմանալով սպասմանը եւ հասկանալով, թե որդին այդ ընթացքում ինչ կտտանքների է ենթարկվում, իրենց բակի ջրհորում կախվելու միջոցով ինքնասպան է լինում: Տղան դեռ չի վերադարձել: Մեկ այլ դեպքով՝ նախկին գերի, 56-ամյա Դ-ն էլ դեռ 37 տարեկան հասակում 1994 թվականին Չայլուի կռվի ժամանակ է գերի ընկել: Տղայի գերության փաստը հաստատվելուց հետո նրա հայրն իրեն 16 հարկանի շենքի տանիքից ցած է նետել: Հոր մահից 5 տարի անց տղան վերադարձել է եւ, իմանալով հոր հետ կատարվածի մասին, կրկին հոգեբանական սթրեսի մեջ է հայտնվել: «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգողը նշեց, որ ամեն դեպքում ծնողների կողմից սպասելը ճիշտ է, քանի որ վերադարձից հետո գերիների համար հարվածը կրկնակի է դառնում: Բայցեւայնպես, լինում են նաեւ դեպքեր, երբ գերիներն են վերադարձից հետո հաճախակի ինքնասպանության փորձեր կատարում, որոնցից մի քանիսը անդառնալի հետեւանքներ են ունեցել: «Արագածոտնի մարզի գյուղերից մեկում գերությունից վերադարձած եզդի տղա ունեինք. գյուղի դպրոցի տնօրենի տղան էր: Նրան սարսափելի կտտանքների էին ենթարկել, ասել էին համ եզդի ես, համ էլ գնացել ես հայկական բանակում ծառայելու: Տղան եկավ, ընտանիքը շատ ուշադիր էր նրա նկատմամբ, բայց հիշողությունները նրան հանգիստ չէին տալիս եւ արդյունքում ինքնասպան եղավ: Մեր մյուս գերիներից մեկն էլ 22 տարեկան հասակում վերադարձավ: Նրա հետ հոգեբանական աշխատանքներ էինք տանում, բայց էլի ամիսներ անց խնձորի ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղավ»,- ներկայացրեց տիկին Ժորժետան: Գերիների հետ, ինչպես նշեց կենտրոնի համակարգողը, հոգեբանական աշխատանքներ են տարվում, սակայն ոչ բոլորի մոտ է, որ դրանք դրական արդյունք է տալիս: Տղաներից շատերն էլ երկրից հեռանում են: Նրանց թվում է, թե բոլորը իրենց հետ շփվելով կիմանան, թե իրենց հետ ինչ է կատարվել, ինչ կտտանքների են ենթարկվել: «Մեկ գերի ունենք, ով մի քանի անգամ ինքնասպանության փորձ արեց, բայց սկսեց եկեղեցի հաճախել եւ հոգեւոր հանգստություն գտավ: Հիմա եկեղեցում է աշխատում»,- հիշեց Ժորժետա Մեսրոպյանը: Հարկ է նկատել, որ գերի կանայք էլ կան: Ինչպես նաեւ այնպիսիք, որ հետ են վերադարձել: Նրանց ընտանիքը նրանց ընդունել է, բայց չեն ամուսնացել եւ ընտանիք չեն կազմել: «Կան մարդիկ, որ փախստական են եղել եւ Հայաստան գալու փոխարեն գնացքով շփոթմունքի արդյունքում Ադրբեջան են գնացել եւ գերի ընկել: Դեպարտացիայի ժամանակ են շատ գերիներ եղել, որոնց ճակատագիրը մինչեւ հիմա էլ հայտնի չի: Նրանք մոտ 5000 հոգի են»,-ասաց Ժորժետա Մեսրոպյանը: Իսկ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ն նպաստել է 20 անչափահաս երեխաների վերադարձին: Ավելին, 90-ական թվականներից հետո ոչ պակաս քան 1200 մարդ վերադարձվել է Հայաստան: Բայց երկու անգամ ավելի շատ մարդ է վերադարձվել Ադրբեջանին: Շատերի մայրերն էլ անգամ 20 տարի անց պահում են որդիների հագուստները եւ դուռը բաց պահում, որ հանկարծ զավակները չգան եւ դուռը կողպած տեսնեն: Հուսանք, որ մի օր իսկապես դռները կբացվեն եւ ոչ մի մայր որդուն կարոտ չի մնա, իսկ նրանք էլ կկարողանան ինտեգրվել հասարակությանը: Պատրաստեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր