211652_close_icon
views-count1383 դիտում article-date 09:14 22-02-2014

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա․ Հրապարակ

«Հրապարակ»֊ը գրում է․ «Ըստ պաշտոնական հաղորդագրության, կալանքի տակ է առնվել ոչ միայն Վանաձոր համայնքի գույքը, այլ նաև անշարժ ու շարժական գույքը։ Նույն այդ հաղորդագրության մեջ ասվում է, թե դատարանն այս որոշումը կայացնելիս խախտել է Վանաձորի ավագանու իրավունքները՝ նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով։ Փաստորեն ստացվում է, որ ավագանու իրավունքները հիմա են խախտվել, այլ ոչ թե այն ժամանակ, երբ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, երաշխավոր էր կանգնում էլիտար շենքը կառուցող ընկերությանը, որով պարտավորվում էին կամ բնակարան հատկացնել, կամ փոխհատուցել բնակարանի գումարը։ Այն ժամանակ ևս ավագանին որևէ կապ չի ունեցել ու նույնիսկ մեծ հաշվով տեղյակ էլ չի եղել։ Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը, ի տարբերություն ավագանու որոշ անդամների, չխուսափեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը, նախ իր դժգոհությունը հայտնելով այն փաստից, թե ինչու է ինքը որպես ավագանու անդամ բյուջեի կալանքի մասին իմանում մամուլից, և հետո, ինչու չի ծանուցվել ԴԱՀԿ-ից ու քաղաքապետարանից, երբ բյուջեի փաստացի տնօրինողը համայնքի ավագանին է, ոչ թե քաղաքապետարանը։ «Փաստորեն ստացվում է, որ հիմա, երբ բյուջեն կալանքի տակ է, թե քաղաքապետարանի աշխատակիցները ու թե դրա ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները առաջին հերթին աշխատավարձ չեն կարող ստանալ, և հետո բանկային որևէ փոխանցում չի իրականացվի»,-ասաց նա։ Անդրադառնալով քաղաքապետի՝ երաշխավոր կանգնելու որոշմանը, այն որակեց միանձնյա որոշում ու նշեց, «Էս դեպքում քաղաքապետարանը պարզապես պարտավոր է վճարել բնակչի փոխհատուցումը, բայց առաջին հերթին դա պետք է անի շինարարությունն իրականացնող ընկերությունը, հետո նոր քաղաքապետարանը, էսօր, փաստորեն, միանձնյա որոշման պատճառով ողջ համայնքի հարցն ա տուժում»։ Եվ հավելեց, որ քաղաքապետը դեռ այն ժամանակ իրավունք չուներ առանց ավագանու նիստի նման որոշում կայացներ ու երաշխավոր կանգներ, իսկ հիմա թող գնան ու վճարեն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր