211652_close_icon
views-count658 դիտում article-date 17:36 24-02-2014

Վետերանների հարցերը՝ ուշադրության կենտրոնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց <<ՀՀ վետերանների միավորում>> հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանին, նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանին, Պատերազմի և զինված ուժերի կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: <<Ուրախ եմ հանդիպելու, ձեզ հուզող հարցերը համատեղ քննարկելու համար: Մեր ուշադրության կենտրոնում ձեր խնդիրներն են, մեր երկրի պաշտպանության, կայացման, զարգացման գործում մեծ ավանդ ունեցած մարդկանց խնդիրները: 2011 թվականին մենք որոշակիորեն բարձրացրեցինք վետերաններին վճարվող դրամական օգնությունների չափերը, վերջին տարիներին իրականացրեցինք վետերանների ավանդների փոխհատուցման ծրագիրը, քայլեր ենք ձեռնարկել մեր երկրի օրենսդրությունը ԱՊՀ միջպետական համաձայնագրերին համապատասխանեցնելու ուղղությամբ, իրականացրել ենք վետերանների սոցիալական պաշտպանությանը վերաբերող այլ միջոցառումներ>>, - նշեց նախարարը: Վետերանների ներկայացրած հարցերը հիմնականում վերաբերում էին նրանց տրվող որոշ արտոնություններ վերանայելու, կարգավիճակները հստակեցնելու, վետերանական կազմակերպություններին օժանդակելու, օդային տրանսպորտից արտոնյալ պայմաններով օգտվելու (կապված ազգային փոխադրողի փոփոխության հետ), առողջարանային ուղեգրեր տրամադրելու, <<Աշխատանքի վետերան> կոչում սահմանելու, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված լինելու և այլ խնդիրների: Յուրաքանչյուր հարց համակողմանիորեն քննարկելուց հետո պարոն Ասատրյանն ամփոփեց հանդիպման արդյունքները, տվեց հետևյալ հանձնարարականները. ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով ձևավորել առաջարկությունների փաթեթ՝ թիկունքի վետերաններին դրամական օգնություն նշանակելու, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցած անձանց Հայրենական մեծ պատերազմի մասնակից համարելու և պատվովճար նշանակելու, ԱՊՀ երկրների տարածքում արտոնյալ պայմաններով երթևեկելու՝ վետերանների արտոնության իրացման շարունակականությունն ապահովելու, վետերանների նախընտրած առողջարաններում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով ուղեգրեր տրամադրելու հարցերի վերաբերյալ: Նախարարը հանձնարարեց նաև՝ ուսումնասիրել և հստակեցնել <<Աշխատանքի վետերան>> կարգավիճակին ներկայացվող պահանջները և չափորոշիչները, գրություններով դիմել ՀՀ մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ հանրապետությունում գործող 48 վետերանական կազմակերպությունների կոմունալ ծախսերը հոգալուն աջակցելու նպատակով, օժանդակել Աշխատանքի վետերանների կոմիտեի կոնֆերանսի կազմակերպման հարցերին, լուծել Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը: Պարոն Ասատրյանը նաև նշեց, որ ՀՀ կառավարության կողմից կատարվում են քայլեր <<Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին>> ԱՊՀ միջպետական համաձայնագրի բոլոր դրույթներն ազգային օրենսդրություն ներառելու ուղղությամբ: Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում, համագործակցելով պետական մյուս գերատեսչությունների հետ, անելու է հնարավորը՝ վետերանների խնդիրները հիմնովին լուծելու, ինչպես նաև՝ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակը պատշաճ ձևով նշելու համար: Վետերանները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, իրենց վաստակը գնահատելու, բարձրացված հարցերը համակողմանիորեն քննարկելու, իրենց խնդիրների լուծմանը մշտապես սատարելու համար:

Նմանատիպ նյութեր