211652_close_icon
views-count2019 դիտում article-date 11:17 28-02-2014

Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն

Փետրվարի 27-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին: Ցերեկույթը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ դասախոսներ, Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ: Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը, ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` ուրախություն հայտնելով, որ արդեն հինգ տարի է, ինչ ճեմարանն ու Երևանի պետական համալսարանը միասնաբար են ոգեկոչում Վարդանանց անմահ նահատակների հիշատակը: «Վարդանանց ոգեկոչումը հայ ազգի համար ավելին է, քան տոնը. ժողովուրդն անմահացրել է Վարդանանց հիշատակը, այն դարձրել իր դարավոր պայքարի հիմնը», - նշեց տեսուչ Սրբազանը: Ներկաներին այս առիթով ողջունեց նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Վերջինս հույս հայտնեց, որ Վարդանանց տոնի հետ կապված ամենամյա հանդիպումները կդառնան գեղեցիկ ավանդույթ ոչ միայն Մայր Եկեղեցու և Երևանի պետական համալսարանի, այլև` ողջ հայ երիտասարդության համար, քանի որ այս ավանդույթի հիմքում դրված է Վարդանանց անմահ քաջերի և հերոսների հայրենասիրությունը, նրանց հավատարմությունը Եկեղեցուն, Մայր հայրենիքին և ժողովրդին: Տիար Սիմոնյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը` դրանք դիտարկելով որպես մեծ գործերի մի փոքր օղակ` մեր երիտասարդությանը բերելու դեպի հավատք, դեպի Ազգային Եկեղեցի, դեպի հայրենիքը փրկող հերոսների օրինակը: Միջոցառման մասնակիցներին Վարդանանց քաջամարտիկ նահատակների մասին բանախոսություն ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Գևորգ Մադոյանը: Հանդիսության ընթացքում Վարդանանց խորհուրդն ամփոփող հոգևոր ու հայրենասիրական երգերով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի երգչախմբերը, ներկայացվեցին Ավարայրի հերոսներին նվիրված բանաստեղծություններ: Հանդիսության ավարտին ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհություն հայտնելով Աստծուն, որ այսօր Վարդանանց տոնը տոնախմբվում է ոչ միայն Սփյուռքի մեջ` ազգային մեր հաստատություններում, այլ նաև Մայր հայրենիքում, հոգևորականների, ճեմարանի սաների և համալսարանական ուսանողների հետ: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ապագային Վարդանանց տոնը կնշվի ամենուրեք, որովհետև դարեր շարունակ Վարդանանց ոգին է առաջնորդել հայ ժողովրդին և զորություն տվել` դիմակայելու կյանքի բոլոր դժվարություններին և կերտելու հայոց պատմության հաղթանակները: «...Այսօր, երբ մենք հպարտությամբ անդրադառնում և նշում ենք Սարդարապատը կամ արցախյան հերոսամարտի հաղթանակը, բոլորս աներկբայորեն ընդգծում ու հաստատում ենք, որ այդտեղ, այդ պատերազմի դաշտում, ինչպես Սարդարապատում, այնպես էլ Արցախում, փայլատակեց, ճառագեց Վարդանանց ոգին: Այդ ոգին ապրել և ուղեկցել է մեր ժողովրդին բոլոր ժամանակներում` դժվարությունների թե ձեռքբերումների ժամանակաշրջանում: Այսօր էլ հույժ կարևոր է, որ Վարդանանց ոգին, Վարդանանց գիտակցությունը բնակություն հաստատի մեր մեջ, որ առաջնորդողը լինի յուրաքանչյուրիս և կերտողը մեր կյանքի ընթացքի: Այսօր էլ մեր երկրի և մեր ժողովրդի առջև ծառացած են բազում մարտահրավերներ` սոցիալ-տնտեսական դժվարություններ, շրջափակում, արցախյան պատերազմի վերսկսման վտանգ, ազգային արժեքների տկարացում, հոգևոր կյանքի զորացման անհրաժեշտություն: Այս բոլոր մարտահրավերների առջև մենք կկարողանանք հաղթությամբ ելնել, եթե մեզ առաջնորդող ունենանք Վարդանանց հերոսական ոգին, Վարդանանց բարձր գիտակցությունը, սերը` առ Աստված և սերն առ հայրենիք: Եթե մենք սիրենք մեր Եկեղեցին Վարդանանց սիրով, մենք երբեք մտահոգություն չենք ունենա հոգևոր և բարոյական արժեքների առնչությամբ, որ դրանք հետընթաց են ապրում մեր կյանքում: Եթե մենք սիրենք մեր հայրենին, մեր երկիրը, մեր հողը Վարդանանց սիրով, մեր կյանքից, մեր հայրենիքի եզերքներից կհեռանան և´ աղքատությունը, և´ ամեն տեսակի նեղություն, և´ ամեն արատավոր երևույթ, որոնք այսօր մտահոգում են յուրաքանչյուրիս` պարզ հայորդուց մինչև պետական իշխանավոր: Ուրեմն` մեր պատգամն է և հորդորը, որպեսզի ապրենք` մեր հոգում կրելով Վարդանանց սուրբ հիշատակը, այն պատվիրանները, այն պատգամները, այն նվիրական տեսիլքը, ի սեր որոնց Վարդանանք իջան Ավարայրի դաշտ և այնտեղ նահատակության փառքի պսակն ընդունեցին», - մասնավորապես նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում: Վերջում Նորին Սրբությունը երիտասարդներին պատգամեց լինել մեր ժամանակների «Վարդանանք»-ը` իրենց արիությամբ, սիրով ու հանձնառությամբ: Վարդանանց տոնի կապակցությամբ իր շնորհավորանքները բերելով ազգի բոլոր զավակներին, ում անվանակոչության տոնը Վարդանանց հիշատակի օրն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Ս. Վարդանանց բարեխոսությամբ Աստծո օրհնությունը հովանի լինի հայոց ազգի վրա` ընթանալու դեպի հաղթական, շեն, բարօր ու պայծառ ժամանակները մեր կյանքի:

Նմանատիպ նյութեր