211652_close_icon
views-count1613 դիտում article-date 22:00 28-02-2014

Ո՞վ է ասել, թե ամոթ է. ամոթը չունենա՞լն է

Ցանկացած, գոնե մի քիչ մտածել սիրող մարդ կհամաձայնի, որ միջնադարում, երբ դեռ ապրում էին ազնվականներն ու իրենց վասալները, աշխարհը ղեկավարում էին թագավորները և բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականները, երբ ասպետները քաջագործություններ էին կատարում, շատ վատ դրության մեջ էր ռամիկ ժողովուրդը: Բերենք մի օրինակ. երբ ասպետները և մեծատունները խնջույք էին անում, նրանց բեռնակիրերն ու զինակիրերը նստում էին գետնին, իրենց տերերի մեջքների ուղղությամբ: «Գթասիրտ» տերերը դեպի հետ, դեպի իրենց ծառաները սնունդ էին նետում, որոնցից արդեն համտեսած էին լինում: Եվ այսպես, ասպետը կշտանում էր ամբողջ սեղանի պարունակությունից մի-մի պատառ կծելով, իսկ զինակիրը և նրանց շուրջը վխտացող շները կշտանում էին դեպի իրենց նետված բաժնով՝ սակայն միշտ ուտելով գետնից և շների հետ ձեռնամարտելով: Այս մասին կարդացող բարեհոգի մարդիկ, անշուշտ, տխրում են, որ մարդ կարող է այնքան գարշելի գտնվել, որ իր նմանի նկատմամբ այսպիսի վարմունք ունենա: Հպարտ ու արժանապատիվ մարդիկ էլ զզվանք են ապրում, երբ կարդում կամ լսում են զինակիրների վարքի մասին, ովքեր ուրախանում, իրենց տերերին բարեգութ էին համարում, երբ իրենց ոսկոր ու մսի պատառ էին նետում՝ շների հետ անուշ անելու: Վերջապես, թե՛ բարեգութ և թե՛ հպարտ ու արժանապատիվ մարդիկ ներքին ուրախություն են ունենում, որ ներկայումս այդպես չէ, որ իրենք ծնվել են մի ժամանակաշրջանում, երբ չկան ասպետներ ու զինակիրներ, և ոչ ոք պարտավորված չէ շներին սեղանակից լինել: Ցավում ենք, բայց պետք է տխրեցնենք այս ուրախացող միամիտ մարդկանց, որովհետև հիմա էլ և ամբողջ աշխարհում այդպես է: Ուղղակի մենք չենք նկատում, որովհետև ճիշտ հայացք չենք նետում իրերի դրությանը, ինչպես որ միջնադարյան ռամիկն իրեն ավելի բարձր կարող էր համարել, քան իրեն նախորդած ստրուկին: Ներկայումս ոչ ոքի համար ամոթալի չէ (բացառությամբ շատ մեծահարուստների), օգտագործված հեռախոս կամ մեքենա գնելը: Ավելին, կան շատ մարդիկ, որոնց համար լրիվ նորմալ է գնել ուրիշի օգտագործած հագուստը: Էլ չե՛նք խոսում ամբողջ աշխարհում ընդունված օգտագործված կենցաղային իրերի առք ու վաճառքի մասին: Ի՞նչ է ստացվում. մի մեծահարուստ գնում է մի շատ թանկարժեք հռախոս այնպիսի մի գնով, որով չորս-հինգ ընտանիք բավականին բարեկեցիկ կյանք կունենար մեկ ամիս: Օգտագործում է, հետո «նետում» դեպի «ցածր խավ»՝ դեպի այն խավը, որը բավականաչափ գումար չունի, որպեսզի գնի այդ գինն ունեցող նոր հեռախոս: Այս հեռախոսի ոդիսականն այսքանով չի ավարտվում, և «զինակիրը» որոշ ժամանակ հետո այն նետում է դեպի ավելի ցածր խավ, սա էլ՝ է՛լ ավելի… Նույնը կարելի է ասել ամեն օգտագործված ապրանքի վերաբերյալ, որի մասին երազում է քիչ փող ունեցողը և հասնում է դրան՝ մեծահարուստի օգտագործածն օգտագործելու և իր մի քանի ամսվա աշխատանքն էլ վճարելու գնով: Ուրիշի մնացուկներով լիանալու փոխարեն կարելի է «ոտքերը վերմակի չափով երկարացնել»: Սակայն կարելի է նաև այս ամենը հաշվի չառնել. չէ՞ որ միջնադարյան ռամիկը երբեք նման բաներ չի մտածել և չի ամաչել: Մենք ինչո՞վ ենք պակաս (կամ ավելի) նրանից: Նա չգիտեր, իսկ դու արդեն գիտես: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր