211652_close_icon
views-count1504 դիտում article-date 14:57 01-03-2014

Արմավիրում հակակարկտային 50 կայան կտեղադրվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արշալույս և Ակնալիճ համայնքների մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում՝ ծանոթացել վերջինիս աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ Արմավիրում ներդրվում է հակակարկտային կայանների երկրորդ շերտը: ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան, որից 50-ը կտեղադրվի Արմավիրի մարզում: Ակնկալվում է, որ դրա արդյունքում էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը: Այդպիսով, միայն Արմավիրի մարզում հակակարկտային կայանների թիվը կհասցվի 161-ի, իսկ հանրապետությունում՝ 442-ի: Տեղեկացվել է, որ բոլոր հակակարկտային համակարգերն այսուհետ կառավարվելու են միայն ՀՀ ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնից: Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնող գյուղացիներին, զրուցել նրանց հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին: Գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարվա ընթացքում տեղացած կարկտահարությունից հետո տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, մասնավորապես՝ հողահարկը, ջրի վարձը փոխհատուցելու, սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև դրամական միանվագ օգնություն տրամադրելու համար: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետությունը շարունակելու է դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, ինչի արդյունքում դրանք գյուղացիներին կտրամադրվեն շուկայականից էապես ցածր գներով: Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Ակնալիճ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի բնակարան և փոխանցել տարբեր նվերներ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ 4 ուսանող ունեցող ընտանիքին ներգրավել համապատասխան սոցիալական ծրագրերում:

Նմանատիպ նյութեր