211652_close_icon
views-count891 դիտում article-date 19:17 05-03-2014

«Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով կոնֆերանս Աթենքում

Փետրվարի 26-ին Աթենքում, Կոստանդնուպոլսեցիների միության դահլիճում անցկացվեց «Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով խորհրդաժողով: Միջոցառման կազմակերպիչն էր Հույն-հայկական բարեկամության միությունը՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունահայոց Ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը: Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը հանդես եկավ «Կայուն հայկական ռազմավարություն», իսկ միության վարչության անդամ, Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ «Արցախ. դիվանագիտական մոտեցումներ և նախաձեռնություններ» ելույթով: Խորհրդաժողովի գլխավոր բանախոս, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը իր՝ «Արցախի միջազգային ճանաչումը» ելույթում, կատարելով պատմական ակնարկ, մանրամասնորեն ներկայացրեց ԼՂՀ դիրքորոշումները ներկա իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի ու հեռանկարների վերաբերյալ: «Արցախահայությունը վճռական է այն հարցում, որ պատմությունը ետընթաց չի արձանագրում, և ներկա դրությունը հնարավոր չէ վերադարձնել ելակետին: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղան ու տա իր համաձայնությունը հիմնահարցի վերջնական կարգավորման նախագծին»,-ընդգծեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: Վերջինս նաև հանգամանորեն ներկայացրեց Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը տարբեր երկրների նահանգային և քաղաքային խորհուրդների կողմից, Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի ձևավորման, ինչպես նաև ԼՂՀ քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի կնքման գործընթացները, օտարերկրյա պատվիրակությունների, հայտնի անձնավորությունների և պարզապես անհատների՝ Ղարաբաղ այցելությունների օրեցօր ավելացող հոսքը: Ցուցադրվեց Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Կիպրոսի Հանրապետության ներակայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, հայ առաքելական և ավետարանական եկեղեցիների հոգևոր հայրեր, հունահայ գաղութի հասարակական, բարեգործական, երիտասարդական միավորումների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրատնտեսական պալատի, հույն գիտական և կրթական շրջանակների քաղաքական և հասարակական կազմակերպությունների, եկեղեցու, բանակի, գործարար շրջանակների, պոլսեցի և պոնտոսցի հույների, ինչպես նաև ասորիների միությունների ներկայացուցիչներ, հայալեզու, հունալեզու և ռուսալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր