2193 դիտում
00:04 06-03-2014
Վտանգված է մեր առհավատչյան. վտանգված է հենց մեր մեղքով ու ձեռքով
Թերևս միայն բանասերների (այն էլ հայագետ) աչքից չի վրիպում այն արատավոր խոսելաձևը, որով ողողված է ողջ հայկական իրականությունը: Մի անգամ հայ երգչուհիներից մեկը վատ ռուսերեն խոսեց. չկարողացավ կիրառել այն համաձայնությունները, որոնք պահանջում է ռուսաց լեզուն: Հումորիստները, հրապարակախոսները, սոցիալական կայքերի օգտատերերը, և այլք, մի փաղանգ կազմած, ով ինչպես կարող էր, վատաբանեց այդ, ի միջի այլոց, հիանալի երգչուհուն, ով ոչ մի պարտավորություն չունի ռուսերենին տիրապետելու:
Նա «պարտավորված է» բարձրորակ ու ճաշակով երաժշտություն մատուցելու և, մեծավ մասամբ, իր պարտավորվածությունը կատարում է շատ լավ ու բարեխղճորեն: Եթե մի օտարերկրյա երգիչ-երգչուհի մի, զզվելիորեն աղավաղված, հայերենով ասում է, ասենք, «բառեֆ»!!!, մենք ոչ միայն չենք քննադատում նրա վատ հայերենը, այև աշխարհով մեկ ենք լինում, որ «նորին մեծություն օտարազգին» այնքան «գթասիրտ է», որ մեզ մեր բառերից մեկը «ողորմեց»: Սա, ենթադրենք, թե, դեռ ոչինչ, բայց ինչո՞ւ մեզ չի անհանգստացնում մեր խոսելաձևը, որին եթե նույնքան քննադատաբար մոտենայինք, ապա կպարզվեր, որ մեր շատ, հայտնի ու անհայտ, գործիչներ ու «պարապներ» հայերեն են խոսում, նույնքան վատ, որքան, վերը հիշատակված, հայ երգչուհին` ռուսերեն:
Իսկ այդ հայերեն վատ խոսողներին չենք քննադատում, ծաղրում և նախատում, ոչ թե որովհետև մենք այնքան բարի ենք, որ հադուրժում ենք մեր ազգակցի բացթողումը, այլ որովհետև նույն քննադատողը, ծաղրողը և նախատողը նույնքան վատ է խոսում հայերեն ու չի զգում (հասկանալու մասին խոսք չկա), թե որքան է աղավաղվում մեր լեզուն:
Սա ի՞նչ է. ռուսերեն կամ անգլերեն վատ իմանալը կամ ընդհանրապես չիմանալը վատ բան է, անգրագիտություն է, ալարկոտություն է, անաշխատասիրություն է, իսկ հայերեն վատ խոսելը` սովորակա՞ն:
Կան արժեքներ, որոնք միշտ կարոտ են պահպանության, կան արժեքներ, որոնք երբեք պահպանություն չեն պահանջում, սակայն իրենք են պահպանում մեզ, և կան այնպիսիք, որ միշտ կարոտ են պահպանության ու իրենք էլ պահպանում են մեզ. այս վերջին արժեքը հենց լեզուն է: Մեր հայ մնալու համար, ի թիվս այլ արժեքների, պարտական ենք հենց մեր լեզվին, արժեք, որը պահպանվել է մեր հայրերի սուրբ արյունով, և պահել ու դեռ պահում է մեզ:
Հիմա, երբ շարունակվում է մեր գոյապայքարը, երբ ոչ միայն շարունակվում է, այլ հասել է այնպիսի սրացման, որպիսիք մեր պատմության մեջ միշտ չէ, որ եղել են, երբ հազար ու մի, ներքին ու արտաքին, կազմակերպություններ «սպիտակ» եղեռն են իրագործում, ո՞վ պիտի հոգա այս մեծագույն արժեքներից մեկի` լեզվի պահպանության խնդիրը, եթե ոչ մենք. ռո՞ւսը, ամերիկացին, թե թո՞ւրքը: Ո՞վ: Ի՛հարկե, ես ու դու: Իսկ այդ «հոգալը», ոչ գեղեցիկ ճառեր արտասանելով է, ոչ էլ` շատ գրքեր կարդալով: Այն տեղի ունի բացառապես ճշգրիտ հայերենի կիրառմամբ. տանը, փողոցում, աշխատանքի վայրում և ամեն ուր:
Ներկայումս այնպիսի մթնոլորտ է տիրապետում մեր մեջ, որ շատեր, ովքեր իրոք կնախընտրեին ամեն ուր խոսել գրական հայերենով` խուսափելով օտարաբանություններից ու ժարգոնից, նույնիսկ մի տեսակ ամաչում և քաշվում են այդ անելուց: Արդյունքում, ոչ միայն չեն կարողանում օրինակ ծառայել այլոց, այլև, ստիպված, փչացնում են իրենց ճշգրիտ ու ոսկեղենիկ լեզվամտածողությունը: Հերի՛ք է. սթափվե՛նք ու խոսե՛նք մեր լեզվով:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
7252 դիտում
22:14 20-12-2022
Մի ձեռքով՝ նկարիչ, մյուս ձեռքով՝ քանդակագործ. Ռաֆայել Ջավախյան
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը