211652_close_icon
views-count15937 դիտում article-date 13:19 07-03-2014

Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Մինչեւ այդ նա նամակ էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Պետրոս Մհերյանը, սակայն, ասաց, որ իր նամակին դեռ նախագահականից չեն արձագանքել: «Համբերությոնը կյանք է: Ես դեռ համբերում եմ, բայց այդ տեսաերիզը արդեն նաեւ ոստիկանության ձեռքի տակ է»,- ասաց նա: Հարցին, թե այդ հայտարարությունից հետո իր նկատմամբ սպառնալիքներ չե՞ն հնչել, ասաց. «Որդուս սպանեցին եւ մինչեւ այսօր գործը դեռ բացահայտված չէ: Դրանից ավելի էլ ի՞նչ սպառնալիքներ պետք է հնչեցնեն»: Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասաց. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքերին խանգարել, որվհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել, որտեղ սենսացիոն փաստեր է ներկայացրել որդու սպանության գործով: Մասնավորապես խոսքը մինչեւ այսօր անհայտ տեսաերիզի մասին է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պետրոս Մհերյանը: Խոսելով տեսաերիզի բովանդակության մասին՝ մանրամասնել էր. «Այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»: Այդտեղ բավականին լուրջ բաներ կան, բայց կսպասեմ իրավապահների արձագանքին»: Պետրոս Մհերյանը նաեւ չէր բացառել, որ այդ տեսաձայնագրությունը եւս կհրապարակի: Սակայն այս պահին դեռեւս դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Պատրաստեց [b]ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր