211652_close_icon
views-count1080 դիտում article-date 16:32 12-03-2014

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կրկնապատկվեն կանաչապատման ծավալները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքների ու նախորդ տարիներին ոլորտում գրանցած ձեռքբերումների կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանն, այդուամենայնիվ, ընդգծել է, որ 2014թ. պետք է կրկնապատկվեն կատարած աշխատանքների ծավալները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքն, իհարկե, ակնհայտ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղածով ու նույն եռանդով շարունակել աշխատանքները նաև այս տարի: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունը երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը վերականգնելն է, ու մենք պարտավոր ենք արդարացնել նրանց սպասելիքները: Ըստ այդմ, մենք պետք է չբավարարվենք ձեռք բերածով և համատեղ թիմային աշխատանքի արդյունքում պետք է կրկնապատկենք ծավալներն ու, դրան զուգահեռ, նաև հետևողական աշխատանքներ տանենք արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ սրտացավ աշխատանքով մենք անպայման կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության մասնակիցներին քաղաքապետը հանձնարարել է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայների հետ, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ցուցաբերվի միասնական մոտեցում: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հանձնարարվել է նաև հաշվի առնել Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ. «Մայրաքաղաքում կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու հարցում առանձնակի ուշադրություն դարձրեք ծառատեսակներին ու ծաղկատեսակներին: Դրանք պետք է համապատասխանեն մեր բնակլիմայական պայմաններին, որպեսզի արդյունքն էլ լինի տեսանելի: Բացի այդ, հետևողական եղեք նաև ծառերի էտման հարցում, որի շրջանակում ևս, վստահ եմ, հնարավոր է կիրառել ձևավորման նոր մոտեցումներ, ինչն իր հերթին ևս մայրաքաղաքին կհաղորդի առավել խնամված տեսք»,- նշել է քաղաքապետը: Անդրադառնալով Երևանի ավագանու որոշմամբ հաստատված պարտադիր բարեկարգման նորմերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մայրաքաղաքի կանաչապատման գործում ապահովել նաև տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: Օբյեկտների հարակից տարածքների կանաչապատման մասով, քաղաքապետը մասնագետներին հանձնարարել է համագործակցել տնտեսվարողների հետ և խորհրդատվություն տրամադրել բուսատեսակների ընտրության հարցում: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, բնապահպանական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընդլայնել Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու ուղղությամբ տարվող համալիր աշխատանքների ծավալները: Բացի այդ, քաղաքապետը նաև հանձնարարել է խստորեն վերահսկել ապօրինի ծառահատումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու խախտողների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ պատժամիջոցները: Քաղաքապետը հորդորել է նաև պատշաճ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի այգիների և պուրակների սանմաքրման աշխատանքներին ու մշտական հսկողության տակ պահել ոռոգման համակարգի անցկացման գործընթացը: Հանդիպման շրջանակում ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է 2014թ. ծրագրով նախատեսված կանաչապատման գործընթացը: Ըստ այդմ, ընթացքի մեջ են ծառերի էտման ու սիզամարգերի թարմացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ արդեն առաջիկա օրերին երևանցիները հնարավորություն կունենան վայելելու շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկունքը:

Նմանատիպ նյութեր