9478 դիտում
17:38 13-03-2014
Փրկարարները, ջրասուզակն ու ոստիկանները Ռանչպար գյուղում գտնվող լճում որոնում են 32-ամյա ջրահեղձվածի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող «Սև ջուր» կոչվող լճի ափին քաղաքացու հագուստ է հայտնաբերվել, և կան կասկածներ, որ քաղաքացին ջրահեղձ է եղել:
Ինչպես Ռանչպար գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատը և թիվ 18 փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով:
Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ:
Տեղում գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Խալիլովն է, ով զբաղվում էր անասնապահությամբ, ամուսնացած էր և ուներ 4 երեխա:
Առաջին պահից ոստիկանների ու փրկարարների հետ տեղում է նաև Ռանչպար գյուղի գյուղապետ Մանուկ Օհանյանը:
Այս պահին ջրասուզակը լճում կատարում է որոնողական աշխատանքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+