1308 դիտում
10:08 14-03-2014
Ուկրաինան հաղթահարելու է տնտեսական ճգնաժամը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ուկրաինան խնդրանքով դիմել է շատ միջազգային ֆինանսիական կառույցների, այդ թվում՝ միջազգային արժույթի հիմնադրամին՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար աջակցություն ցուցաբերելու համար: «Եվ հիմնադրամը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը իրավիճակին ծանոթանալու նպատակով ուղարկել են իրենց տնտեսագետներին, փորձագետներին, որոնք կօգնեն Ուկրաինային իրականացնել տնտեսական բարեփոխումներ և հաղթահարել տնտեսական ճգնաժամը»,-նշեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը:
-Պարոն դեսպան, երբ 2008թ. ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց իր տարածքների մի մասը` Հարավային Օսիան և Աբխազիան, Արևմուտքն, ըստ էության, ոչինչ չարեց, մի կողմ քաշվեց: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ուկրաինայի դեպքում էլ, ի վերջո, արդյունքը նույնը լինի:
-Ես չեմ մեկնաբանի Վրաստանի իրադարձությունները. դա իմ կոմպետենցիան չէ, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ես ևս մեկ անգամ հաստատում եմ, որ Ուկրաինան դիմել է ողջ միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք միջնորդ դառնան Ուկրաինայում ստեղծված իրադրության կարգավորման հարցում:
-Շատ պաշտոնատար անձինք ասում էին, որ Ուկրաինայում նման իրավիճակ չի ստեղծվի: Ընդհանրապես իրերի, դեպքերի նման զարգացում ենթադրվո՞ւմ էր:
-Ուկրաինայում ստեղծված տնտեսական իրավիճակը, Եվրամիության հետ պայմանագրի չստորագրումը և կոռուպցիան, որը ներառել էր իշխանություններին` վերևից ներքև, այդ ամենը բերեց բողոքի շարժումների, ու մարդիկ դուրս եկան Մայդան: Մարդիկ, ովքեր դժգոհ էին իշխանությունների տնտեսական, սոցիալական քաղաքականությունից, իրականացվող բարեփոխումներից և, առաջին հերթին, Եվրամիության հետ պայմանագիրը չստորագրելուց: Այսինքն՝ բողոքը կրում էր ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու սոցիալական բնույթ:
-Խոսեցիք կոռուպցիայի մասին, ուկրաինացիները միայն հիմա՞ իմացան, որ իշ խանությունները կոռումպացված են: Ի վերջո, չէ որ եթե չլինեին Ռուսաստանի ճնշումները, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը նույն Յանուկովիչն էր ստորագրելու, որի կոռումպացվածության ապացույցներն այս օրերին հեղեղել են ողջ համացանցը:
-Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում են իրավապահ մարմինները, բայց
եթե իրենք էին կոռումպացված, ինչպե՞ս կարող էին պայքարել կոռուպցիայի դեմ: Այնպես որ՝ կոռուպցիան եղել է, այն անհրաժեշտ է արմատախիլ անել, և դրա համար եղել են և կան իրավապահներ, որոնց պայքարը եղել է անարդյունավետ: Կան տվյալներ, որ բյուջետային և այլ միջոցները դուրս են բերվել արտերկիր, օֆշորային գոտիներ:
-Ուկրաինայի ռուսալեզու մասը՝ մասնավորապես Ղրիմը, իրեն Ռուսաստանի հետ է պատկերացնում, բայց Մայդանի մեթոդներով չասաց իր խոսքը:
-Ինչպես ասացի, Մայդանի բողոքն ուներ ոչ միայն քաղաքական, այլ նաև ուրիշ շարժառիթներ: Եվ երկրորդը՝ այսօր Ղրիմում անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ բնակչության կեսից ավելին եվրաինտեգրման կողմնակից է: Բացի այդ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ինչպես 2010 թվականի նախագահական, այնպես էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, հստակ արտահայտվում էին եվրաինտեգրման օգտին: Իսկ Ուկրաինայի եվրաինտեգրացումն ամրապնդված է երկրի հիմնական արտաքին քաղաքական ուղղությունների վերաբերյալ օրենքով, որը քվեարկվել է բնակչության բոլոր շերտերը ներկայացնող պատգամավորների կողմից»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
969 դիտում
10:16 18-06-2020
ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը պատրաստ է․ «Ժամանակ»
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին