211652_close_icon
views-count1882 դիտում article-date 17:12 02-04-2014

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Աուտիզմը հաղորդակցման, շփման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է երեխայի մինչև 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Աուտիզմի իրազեկման օրը նշելու որոշումը կայացվել է 2007 թվականին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստում Կատարի թագավորության առաջարկով: ՄԱԿ գլխավոր քարտուղարն այս տարի ապրիլի 2-ի իր ուղերձում նշել է, որ օրվա նպատակը միայն իրազեկումը չէ, այն նախաձեռնությունների կոչ է: Միջազգային վիճակագրական տվյալներով աուտիզմով տառապող հիվանդների թիվն ավելացել է 10-15 անգամ, ինչը պայմանավորված է նաև ախտորոշման բարելավման հետ: Անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ` գենետիկական գործոն, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոններ և այլն: Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, հնարավոր է օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: Խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացումը օրեցօր դառնում է արդիական: Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգանում է` ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ: Հայաստանում ևս հիվանդությունն աճ է ապրում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն` 2007-2013թթ. ընթացքում հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 725 առաջնակի դեպք (համապատասխանաբար` 73, 78, 80, 105, 118, 121, 150): Աուտիզմի բուժումը, որպես հաշմանդամության բերող հիվանդություն, ներառված է պետական պատվերի մեջ. այն անվճար մատուցվող բուժօգնության տեսակ է: Այս երեխաների պետական պատվերի շրջանակներում վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: «ԱրԲես» առողջության կենտրոնի մարզային 7մասնաճյուղերում` «Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոններում», աուտիզմ ունեցող երեխաները մասնագիտացված վերականգնողական բուժումն ստանում են տեղում: Վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից է նաև երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնների ստեղծումը Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի թիվ 9 պոլիկլինիկայում և Կապանի բժշկական կենտրոնում, ինչը նույնպես նպաստում է այս խնդրով տառապող երեխաների բուժման տարածքային և ֆինանսական մատչելիությանը: Դաշտում գործող մի քանի ՀԿ-ները զբաղվում են աուտիզմով երեխաների կրթական, վերականգնողական կամ սոցիալական ծրագրերով: Աուտիզմը դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից։ Որպես միջգերատեսչական խնդիր հնարավոր լուծումներ կարող է ստանալ կրթական, սոցիալական ոլորտների և հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում:

Նմանատիպ նյութեր