15366 դիտում
11:24 07-04-2014
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. Mercedes-ը, կոտրելով լուսակիրը, արմատախիլ է արել ծառն ու «մագլցել» նրա վրա
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները պարզել են, որ այդ ժամին նշված հատվածում բախվել են Երևան քաղաքի Աղյուսագործների փողոցի բնակիչ, 29-ամյա Արսեն Նոր-Պարոնյանի վարած Mercedes մակնիշի 34 DP 506 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Մեսրոպյանի վարած Toyota Corolla մակնիշի Լ 4042 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Corolla-ի վարորդ Ս. Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բախման հետևանքով Mercedes-ը հարվածել է խաչմերուկը կարգավորով լուսակրին, այնուհետև հարվածել ճամփեզրին տեղադրված աղբամանին, իսկ հետո պոկել ու արմատախիլ արել հաստաբուն ծառն ու կիսով չափ «մագլցել» ծառի վրա:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայր էին ժամանել նաև նույն բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարիտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Վթարից հետո Mercedes-ի վարորդը իրեն պահել է լկտի, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հավաքվածների նկատմամբ, իսկ երբ ճանապարհային ոստիկանները փորձել են կարգի հրավիրել նրան, սկսել է հայհոյանքներ տալ վթարի մեջ հայտնվածին և ոստիկաններին, ինչի համար էլ ոստիկանության Կենտրոնի բաժնի պարեկապահակային ծառայության և նույն բաժնի պահպանության աշխատակիցները նրան տեղափոխել են Կենտրոնական ոստիկանություն: Իսկ երբ փորձել են նրան ենթարկել բժշկական փորձաքննության ՝ պարզելու սթափության աստիճանը, նա հրաժարվել է»:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանությունը արդեն պարզել է, որ նա մի քանի անգամ «հանգրվանել» է ոստիկանությունում՝ նախկինում իր կողմից կատարված մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ գողությունների համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+