211652_close_icon
views-count894 դիտում article-date 18:53 07-04-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Ավետման տոնի առիթով շնորհավորել է Մայր Աթոռի աշխատակցուհիներին

Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի բաժիններում աշխատող 145 աշխատակցուհիների հետ: Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքից հետո Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց բոլոր աշխատակցուհիներին Ավետման գեղեցիկ տոնի կապակցությամբ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մայրության և գեղեցկության այս օրը լավ առիթ է վերարժևորելու մայրերի` իբրև Աստծո արարչագործության շարունակողների կարևոր առաքելությունը, քանզի նրանց ձեռքերում է կերտվում մարդկային կյանքը, հասարակության բարօրությունը, նրանց շնորհիվ է բարոյական ամուր հիմքերի վրա պահպանվում հայ ընտանիքը: «Այսօրվա դժվարին պայմաններում գնահատանքի խոսք պիտի ասենք մեր մայրերին, որոնք առանց ընկրկելու դիմագրավում են կյանքի բոլոր դժվարությունները և ամուր պահում հույսն իրենց ընտանիքների մեջ», - ասաց Նորին Սրբությունը` հայցելով, որ Երկնավոր Տերը արիության ու սխրագործության ոգով պահի հայոց մայրերին: Վեհափառ Հայրապետը նաև իր գոհունակությունը հայտնեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին` կարևորելով նրանցից յուրաքանչյուրի ծառայությունը Եկեղեցու առաքելության բարեհաջող իրականացման գործում: Նորին Սրբությունը հորդորեց իրենց ջանքերով ու հոգատարությամբ ծաղկուն և պայծառ պահել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որ մայր օջախն է և Սրբություն Սրբոցը համայն հայության: Ապա Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռի աշխատակցուհիներին մաղթեց լավատեսության ամուր ոգով և քաջառողջ կյանքով շարունակել իրենց աստվածահաճո ծառայությունը իրենց ընտանիքներին և հայ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր