1275 դիտում
12:00 18-04-2014
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի մասնագետները եղան Արցախում
ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով երկօրյա աշխատանքային այցով հերթական անգամ Ստեփանակերտ է ժամանել «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, կենտրոնի մասնագետներ`գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը և բժիշկ ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը:
Վահե Տեր-Մինասյանն իրականացնում է կանացի ներքին օրգանների նախաքաղցկեղային ախտորոշումներ, քսուքի հյուսվածքաբանական հետազոտություն, իսկ Հովհաննես Վարդևանյանը` կրծքի մամոգրաֆիա, կրծքագեղձի ու ավշային հանգույցների, ինչպես նաև վահանագեղձի սոնոգրաֆիա: Նրա խոսքով` ներկա այցի նպատակը հենց կրծքագեղձի, վահանագեղձի և արգանդի վզիկի հիվանդությունների վաղաժամ երևակման համար սկրինինգ հետազոտության անցկացումն է, ախտորոշումն ու խորհրդատվությունը:
Բժիշկ ռադիոլոգի փաստմամբ` ընդունելության առաջին չորսուկես ժամում իրականացված 50 հետազոտությունները ցույց են տվել, որ վահանագեղձի խնդիրները նույնիսկ ավելի քիչ են տարածված, քան` կրծքագեղձինը: Քաղցկեղ դեռ չի հայտնաբերվել, սակայն եղել է երեք այցելու, որոնք ունեցել են կրծքագեղձի ռադիկալ մաստէկտոմիա վիրահատություն և բարեբախտաբար` կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռեցիդիվ չի նկատվել:
Սկրինինգի համար հերթագրվածների թիվն անհամեմատ մեծ է, և նրանց հետ աշխատանք է տարվում լայն թափով: Սկրինինգն իրականացվում է ԼՂՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, որովհետև այն գործնականորեն նպաստում է կանանց շրջանում, ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և այդ ուղղությամբ մասնագիտական առաջավոր փորձի փոխանակմանը: Արդեն մեկ տարի է` մենք ինքներս էլ մեր կենտրոնում կիրառում ենք այսպես կոչված ՊԱՊ-անալիզի (արգանդի վզիկի հետազոտություն) մեթոդը, և դա զգալի առաջընթաց է հաղորդում գործին»,- նշել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրենի` ամբուլատոր պոլկլինիկական գծով տեղակալ Էդուարդ Ղահրամանյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1345 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով