211652_close_icon
views-count1763 դիտում article-date 22:43 30-04-2014

Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան: Նախագահ Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը՝ կարեւորելով հաղթական ոգու պահպանումը, մատաղ սերնդի հայեցի դատիարակությունը եւ բոլոր նահատակների հիշատակը վառ պահելը: Երկրի ղեկավարը հայրենքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար <<Մարտական ծառայություն>> մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, որոնցից երկուսը՝ հետմահու, եւ <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալ` բարերար Բորիս Սաղաթելյանին՝ գյուղին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հատվածներից մեկը եւ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Նույն օրը ԼՂՀ Նախագահը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ունի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար մեծ ներուժ, եւ այն լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք եւ տեղերում նախաձեռնողականության խթանում: Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր