1371 դիտում
19:08 07-05-2014
«Հայոց ցեղասպանությունը, հոլոքոստը և այլ ցեղասպանությունները» թեմայով քննարկում՝ Գերմանիայում
Ս. թ. մայիսի 5-ին ԳԴՀ Համբուրգ քաղաքի Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցում (Bucerius Law School ) տեղի ունեցավ իրավագիտական քննարկում-միջոցառում՝ «Հայոց ցեղասպանությունը, հոլոքոստը և այլ ցեղասպանությունները - որտեղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները» խորագրով: Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայի «Հանրային իրավունքի երիտասարդ գիտություն»կազմակերպությունն ու Միացյալ ազգերի գերմանական ընկերությունը՝ Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ և ԳԴՀ Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի անմիջական ֆինանսական աջակցությամբ:
Դողու Փերինչեկի գործի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռից հետո ցեղասպանության ժխտման հարցի շուրջ քննարկումների նոր ալիք էր ծավալվել:
Համբուրգի Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցը Գերմանիայի սահմաններից դուրս ևս բարձր հեղինակություն է վայելում: Այն հանդիսանում է Եվրոպայի հեղինակավոր և բացառիկ ուսումնական հաստատություններից մեկը, մրցակցելով Հարվարդի և Օքսֆորդի հետ: Բուցերիուս իրավագիտական համալսարանի ազդեցությունը չի սահմանափակվում իրավաբանական շրջանակներով, այն տարածվում է քաղաքական և սոցիալական գիտությունների ոլորտներ, և հստակ ասելիք ունի նշյալ ոլորտներում կայացվող տարբեր որոշումներում: Հաստատությունը հանդիսանում է Գերմանիայի դաշնային և երկրամասային դատաիրավական համակարգի երեք անկախ փորձագիտական կենտրոններից մեկը: Համալսարանն ունի 28 պրոֆեսոր, որոնք ղեկավարում են առանձին ամբիոններ և բազմաթիվ ինստիտուտներ ու հետազոտական կենտրոններ: Աշխարհի 30 երկրներում Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցն ունի 100-ից ավելի գործընկեր համալսարաններ, որոնց թվում են Օքսֆորդի, Քեմբրիջի, Յելի և Կալիֆորնիայում Սթանֆորդի համալսարանները:
Միջոցառումը լուրջ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային իրավունքի ոլորտի մասնագետների մոտ։ Բավական է ասել, որ բանավեճ–կոնֆերանսին ներկա էին շուրջ 150 իրավաբաններ, գիտահասարակական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Համբուրգի քաղաքային խորհրդի պատգամավորներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը և Բուցերիուս իրավագիտական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Դորիս Քյոնիգը: Հայաստանի դեսպանն իր շնորհակալությունը հայտնելով գիտական կենտրոնի ղեկավարությանը այս կարևոր թեմայով կոնֆերանս կազմակերպելու համար, խոսեց նաև այն մասին, որ Ցեղասպանության հետևանքները վերացնելու ճիշտ ձևն է հատուցման հարցի քննարկումը։
Հիմնական բանախոսները հանդես եկան հետևյալ թեմաներով.
• Պրոֆեսոր, դոկտոր Միհրան Դաբաղ ( Բոխումի Ռուռ համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն՝
Թեման «Ազգային տեսլականը և ցեղասպանության քաղաքականությունը: Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը»,
Դոկտոր Մաթիաս Ուֆֆեր, (Բեռնի համալսարան իրավաբանական ֆակուլտերի գիտաշխատող )
Թեման «ՄԻԵԴ- ը սխալ ուղու վրա – ինչու է Փերինչեկի գործով վճիռն անպիտան»,
Էլիֆ Ասկին, ԳԴՀ Հայդելբերգ քաղաքի Մաքս Պլանկի անվան Օտարերկրյա հանրային իրավունքների և ազգերի իրավունքների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող
Թեման «Պատմական կեղծիքների պատժումը միջազգային համադրումներում»
Դոկտոր Մաթիաս Հոնգ, Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգս համալսարանի գիտաշխատող
Թեման «Ցեղասպանության ժխտումն ու խոսքի ազատությունը սահմանադրական իրավունքի տեսանկյունից»:
Միջոցառումը վարում էր Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտաշխատող Հաննա Բիրկենքյոթերը:
Բանախոսություններից հետո քննարկումների ընթացքում բանախոսներին բազմաթիվ հարցեր ուղղեցին թուրքական համայնքի և գերմանալեզու թուրքական մամուլի ներկայացուցիչներ:
Հարկ ենք համարում նշել, որ ներկաների հարցերին առավել հստակ և բովանդակալից պատասխաններ էին հնչեցնում պրոֆեսոր Միհրան Դաբաղը և դոկտոր Մաթիաս Ուֆֆերը։ Միջոցառմանը ներկա թուրքերի հարցերին հակիրճ պատասխանեցին նաև պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթը և դեսպան Հովհաննեսյանը։ Վերջինս հատկապես անդրադարձավ Առաջին Համաշխարհայն Պատերազմի տարինէրին Արևմտյան Հայաստանի հայության ռուսական բանակին աջակցելու թուրքական քարոզչամեքենայի կողմից հաճախակի շահարկվող հարցին: Օրինակ բերելով 1890–ականների համիդյան ջարդերը Սասունում, կամ 1909 թ մասսայական սպանդը Կիլիկիայում, երբ ոչ մի պատերազմ կամ արտաքին սպառնալիք չկար, Վ.Հովհաննեսյանն ապացուցեց, որ Օսմանյան Կայսրության քրիստոնյա հպատակները որևէ հավատարմության պարտավորություն չունեին իրենց դարերով արյունալի ստրկության մեջ պահող թուրք սուլթանների և կառավարությունների առջև։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ մոտեցումը հիմնավորեց շվեյցարացի իրավաբան դոկտոր Ուֆֆերը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»