211652_close_icon
views-count1828 դիտում article-date 18:31 22-05-2014

Իղձերի մայրաքաղաք. «Հիմքեր» խորագրի ներքո մեկնարկում է Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն

Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի ազգային տաղավարները կբացվեն ս. թ. հունիսի 5-ին և 6-ին, իսկ հանրության առջև՝ ս. թ. հունիսի 7-ից և կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը: Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմության և քաղաքա­շինության ուսումնասիրությանը: Այն ղեկավարում և համադրում է հոլանդացի հանրաճանաչ ճարտարապետ Ռեմ Կուլհասը: Բիենալեին մասնակցող 66 ազգային տաղավարներին նրա կողմից առաջարկվել է «Իրացվող արդիություն 1914-2014» խորագրով թեման, որի նպատակն է բացահայտել ազգային մոդեռնիզմների բազմատարրությունը: Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեին Հայաստանն այս տարի 6-րդ անգամ է մասնակցում, սակայն 1-ին անգամ է հանդես գալիս պետական հովանավորությամբ և ֆինանսավորմամբ: ՀՀ մշակույթի նախարարությունը հանդիսանալով Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատար, ՀՀ ազգային տաղավարը կազմակերպելու նպա­տակով, հրավիրել է հայտնի համադրողներ՝ Ռուբեն Արևշատյանին /Հայաստան/ և Գեորգ Շյոելհամերին /Ավստրիա/: Հանձնակատարի ներկայացուցիչն է Վարդան Կարապետյանը, նախագծի համակարգողն է Նինա Հայրյանը, գրաֆիկական դիզայնը՝ Նորա Գալֆայանի և Մարկուս Վեյսբեկի: Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև Ամերիա բանկը, «Ռենկո Առմէստեյտ» ՍՊԸ-ն և «Անտարես» մեդիա հոլդինգը: Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին Հայաստանի ազգային տաղավարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2014 թ. հունիսի 6-ին, ժամը 18:30-ին և կգործի մինչև նոյեմբերի 23-ը: Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին Հայաստանի ազգային տաղավարը ներկայանում է «Իղձերի մայրաքաղաքը» խորագիրը կրող նախագծով: Ազգային տաղավարի նախագիծը երեք տարբեր ու հակադիր ազգային մոդեռ­նիզմների մասին պատմող ցուցադրություն է, որը ներկայացնում է Հայաստանի ճարտարապետության ու քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը՝ 1920-ականներից մինչ այսօր: Հայաստանի ազգային տաղավարը տեղակայված է Վենետիկի Զենոբիո պալատում՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում: Արդի ճարտարապետական միտումների բազմաշերտությունը հարացուցային բարդ անցումների համատեքստում բացահայտելու համար, ցուցահանդեսը կկիրառի մուլտիմեդիալ մոտեցում: Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ճարտա­րապետական նախագծեր, էսքիզներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, սլայդեր, ֆիլմեր: Բիենալեի տեսական ծրագրի շրջանակում՝ ս. թ. հոկտեմբերի 20-21-ը հայկական տաղավարը բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում՝ Արսենալեյում կանցկացնի նաև «Տեղային արդիություններ» թեմայով միջազգային գիտաժողովը՝ նվիրված խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետությանը՝ տարբեր երկրների հայտնի տեսա­բանների մասնակցությամբ: Ս. թ. մայիսի 22-ին, ժամը 11:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի համակարգող Արև Սամուելյանը, Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի համադրող Ռուբեն Արևշատյանը:

Նմանատիպ նյութեր