211652_close_icon
views-count2022 դիտում article-date 22:56 27-05-2014

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորաօես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ը բեկումնային դարձավ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ և արմատապես փոխեց նրա ընթացքը: Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատևած, զրկանքների ու ցեղասպանության միջով անցած հայ ժողովուրդը կարողացավ ի մի բերել իր բոլոր ուժերը և ելք գտնել անելանելի թվացող իրավիճակից: Իսկ ելքը մեկն էր. ստեղծել և պաշտպանել իր անկախ պետականությունը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրին հայ զինվորականի երբեմնի փառքը, մեր ժողովրդի հույսն ու հավատը ապագայի հանդեպ: Ստեղծվեցին առաջին պետական ինստիտուտներն ու խորհրդանիշները, անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները և 20-րդ դարասկզբին Հայաստանում դրվեցին ժողովրդավարության հիմքերը: Ծանր ու բարդ աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված` թողնելով, սակայն, մեծ ժառանգություն և պատմության դաս հանդիսանալով սերունդների համար: Հայ ժողովուրդը շատ բան է կորցրել պատմության քառուղիներում: Սակայն, դիմակայելով ճակատագրի հարվածներին` բոլոր փորձություններից նա դուրս է եկել ավելի ուժեղ ու իմաստնացած: Դրա վկայությունն այսօր հաստատուն քայլերով զարգացող ու բարգավաճող հայկական երկու հանրապետություններն են, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, մեր հզոր ու հաղթական բանակը: Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական և ազգային շահերը: Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, մաղթում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր