211652_close_icon
views-count2097 դիտում article-date 16:41 21-06-2014

Գյումրիի ծննդատանը մահացած նորածնի փաստով քրեական գործ է հարուցվել

«Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինեի ամուսինը՝ Սիփան Մարտիրոսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրեն եւ հորը հրավիրել են հարցաքննության: «Քույրս ու կինս էլ են հրավիրվել հարցաքննության, բայց կինս թեեւ հիվանդանոցից դուրս է գրվել, բայց դեռ հոգեբանորեն լավ չէ։ Մի քիչ կազդուրվելուց հետո նրանք էլ կգնան հարցաքննության»,- ասաց Սիփան Մարտիրոսյանը: Մինչեւ այդ մահացած նորածնի հայրը ասել էր, որ չեն ծեծել հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդը ընդունող բժշկական անձնակազմին: Նա նշել էր, որ իրենց դեմ բողոք են ներկայացրել, քանի որ, ըստ նրա, լավագույն պաշտպանությունը հարձակումն է: «Մենք ոչ ոքի չենք ծեծել: Պարզապես հայրս բռնել է տնօրենի ուսից եւ ցույց տալով բժշկի ուսը ասել է, թե ինչի համար են նման կադրեր պահում հիվանդանոցում, որ նման դեպքեր են տեղի ունենում: Երեխայի մահը վրա է հասել բժիշկների մեղավորության պատճառով: 1.5 ժամ երեխայիս գլուխը երեւացել է ու նրան չեն կարողացել դուրս բերել: Պատճառաբանում են, թե պորտալարը փաթաթված է եղել վզին, բայց ես իմ կնոջ կողքն եմ եղել նման բան չի եղել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով ասվում է, որ մահը վրա է հասել թոքերի պատճառով, ինչը կարող է լինել կամ բնածին, կամ՝ ձեռքբերովի: Ձեռքբերովին առաջանում է այն ժամանակ, երբ ծննդաբերության ընթացքում սխալ սեղմումներ են անում»,- ներկայացրել էր մահացած երեխայի հայրը: Ապա ավելացրել, որ վիրավորված եւ զայրացած են նաեւ նրանից, որ մահացած երեխային վերցրել եւ դրել են մոր կրծքին, ինչից հետո որդեկորույս մայրը էլ ավելի մեծ հոգեբանական ցնցումների մեջ է հայտնվել: Միաժամանակ ավելացնելով, որ ամեն ինչ անելուն են, որ ծննունդն ընդունող բժշկին հեղինակազրկեն եւ արժանի պատիժ են պահանջում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվանից հետո նրա հարազատները ծեծել եւ հայհոյել են հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդն ընդունող բժշկական անձնակազմին: Այս մասին [b]SHAMSHYAN.com-ի[/b] թղթակցի հետ զրույցում ասել էր ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, ում եւս հարվածներ էին հասել: Նա նաեւ նշել էր, որ իրենց հաջողվել է բժիշկներին եւ քույրերին հետ պահել հարվածներից, այնինչ հայհոյանքները տեւական ժամանակ շարունակվել են: «Ես ոստիկանություն բողոք եմ ներկայացրել, որովհետեւ նրա հարազատները մինչեւ վերջ պնդում էին, որ իրենք ճիշտ են վարվել: Ի՞նչ է նշանակում «կջնջխեմ, կսպանեմ»,- նկատել էր Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով, երեխան ինֆեկցիայի պատճառով ծննդաբերությունից մոտ կես ժամ առաջ վատացել է, սակայն Կեսարյան հատումը այդ դեպքում հակացուցված է եղել: «Ես չեմ ցանկանում այս պահին նշել, թե ում մեղավորության պատճառով է երեխան մահացել, որ կանխակալ կարծիք չհայտնեմ: Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բայց այսօր բժշկական կոլեկտիվը խիստ անպաշտպան եւ քավության նոխազ է դարձել: Ցանկացածը կարող է գալ, վրայով անցնի, գնա: Արդեն բժիշկներն էլ են հրաժարվում նման պայմաններում աշխատել: Չէ՞ որ նրանք էլ որդիներ, ամուսիններ ունեն: Ինչ է, պետք է մի կաթիլ մեղրի պատմությու՞նը դառնա, ո՞վ թույլ կտա, որ իր մորը կամ կնոջը վիրավորեն»,- ասել էր ծննդատան տնօրենը, ավելացնելով, որ ծննդաբերած կնոջ կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում եւ նրան հիվանդանոցից դուրս են գրել:

Նմանատիպ նյութեր