2176 դիտում
10:22 29-06-2014
ԵՄ-ի աջակցությամբ Լոռվա Փամբակ համայնքում բացվեց «Լոռվա oրրան» կենտրոնը
Հունիսի 28-ին Լոռվա մարզի Փամբակ համայնքում տեղի ունեցավ «Լոռվա oրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել էր «Սոսե» բարեգործական հկ-ն: Կենտրոնը բացվեց ԵՄ աջակցությամբ իրականացվող <<Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով>> ծրագրի շրջանակներում:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ։
«Սոսե» հկ-ի տնօրեն Նելլի Սեդրակյան. «Այս ծրագիրն ուղղված էր տեղի բնակչության շրջանում գործազրկության վերացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը։ Մենք անցկացրինք ուսումնասիրություն՝ պարզելու, թե գյուղական զբոսաշրջության որ ոլորտներն ունեն առավել մեծ պահանջարկ։ Դրա արդյունքում կազմվեց ճամփորդական ուղեցույց, որը մոտ ժամանակներում կտրամադրվի տուրիստական գործակալություններին։ Դրանց միջոցով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կտեղեկանան Լոռու և Տավուշի մարզերում մշակութային ժամանցի հնարավոր տարբերակների մասին ու անմիջական կապ կհաստատեն տեղի բնակիչների հետ։ Ծրագրի շրջանակներում մենք նաև անցկացրել ենք անգլերենի դասընթացներ՝ ապահովելով նվազագույն շփումը զբոսաշրջիկների հետ»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը բարձր գնահատեց ծրագրի իրականացման մակարդակն ու նշեց, որ ԵՄ օրակարգում կարեևոր տեղ է զբաղեցնում աղքատության դեմ պայքարը։ «Այս ծրագիրը շատ լավ օրինակ է, թե ինչպես է Եվրոպական միությունն օգնում է հայերին ստեղծել աշխատատատեղեր և նոր հնարավորություններ։ Ամեն տարի մենք իրականացնում ենք մի շարք փոքր ծրագրեր սոցիալապես անապահով շրջանների համար։ Հուսով եմ՝ մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում կլինի շարունակական»,- ասաց նա։
Գերմանիայից ժամանած զբոսաշրջության ոլորտում էքսպերտ Ռեյներ Թիենելը կիսվեց իր ոգևորությամբ իրագործված աշխատանքի վերաբերյալ։ Նա իր հիացմունքն արտահայտեց տեղի բնակիչների սրտաբացության ու բարության վերաբերյալ և նշեց զբոսաշրջության հիմնական ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրել ժամանակակից եվրոպացի զբոսաշրջիներին։
Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվեցին հայկական հացի պատմությունն ու խորհուրդը, պատրաստման արարողությունը, Լոռվա մարզի ուտեստները։ Հյուրերին ներկայացվեց նաև հայկական տարբեր երաժշտական գործիքների և ազգային պարի պատմությունը: Նրանց ներկայացվեցին հայկական հարսանիքի ավանդույթները, նրանք սովորեցին հայկական որոշ պարային էլեմենտներ։ Բացի այդ, միջոցառման հյուրերը հնարավորություն ստացան դիտելու տեղի բնակիչների ձեռքի աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն էր վեր հանել այն պահանջարկված ապրանքներն ու ծառայությունները, որոնք կարող են տրամադրվել զբոսաշրջիկներին տեղի բնակիչների կողմից: «Սոսե» բարեգործական հկ-ն աջակցել և վերապատրաստել է տեղի բնակիչներին, որպեսզի վերջիններս կարողանան տրամադրել պահանջված ապրանքներն ու ծառայությունները:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 150,000 եվրոյով: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում:*
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
12963 դիտում
22:07 28-10-2017
Վայոց Ձորի Գոմք համայնքում բացվեց զբոսաշրջային կենտրոնը. ՖՈՏՈՇԱՐՔ