211652_close_icon
views-count985 դիտում article-date 18:39 30-06-2014

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քանդակագործ Արտո Չաքմաջյանին պարգևատրեց «Արշիլ Գորկի» մեդալով: Հարություն (Արտո) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում: 1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1975 թվականից ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Արտո Չաքմաքչյանը քանդակագործության ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» վեհաշուք հուշարձանները։ 2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը: Բարձր գնահատելով Արտո Չաքմաքչյանի ներդրումը հայապահպանության, հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում, բայց մշտապես ամուր թելերով կապված է եղել Հայրենիքի հետ: Չաքմաքչյան ազգանունը վաղուց դուրս է եկել հայկական աշխարհի շրջանակներից և դարձել համաշխարհային մշակույթի մեծագույն երևույթներից մեկը»: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Չաքմաքչյանը նշեց. «Ես անուղղակիորեն ներկայացրել եմ մեր երկիրը և ցույց տվել աշխարհին, որ մեր երկիրն էլ գեղարվեստական խոսք, արվեստ ունի: Եթե ես ճանաչում եմ գտել աշխարհում, ապա միայն շնորհիվ Հայաստանի, քանի որ իմ արվեստին Հայաստանի անցյալի և ներկայի մշակույթն է սնունդ տվել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր