ԱԱ-2014. Գերմանիան լրացուցիչ ժամանակում կոտրեց Ալժիրի դիմադրությունը. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնությունը շարունակում է երկրպագուներին ներկայանալ անկանխատեսելի հանդիպումների շարքով: Քիչ առաջ ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլի Գերմանիա – Ալժիր հանդիպումը: Առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը մեծ խնդիրներ ունեցավ Ալժիրի հետ խաղում: Հանդիպման հիմնական ժամանակում գերմանացիները չկարողացան խոցել կարգով ցածր մրցակցի դարպասը: Ամեն ինչ վճռվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ Գերմանիան ցույց տվեց իր բարձր կարգը և կարողացավ դժվարին պայքարում կոտրել համառ մրցակցի դիմադրությունը:
Լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Անդրե Շյուռլեն առաջ մղեց գերմանացիներին: Դրանից հետո Յոահիմ Լյովի թիմը ձգտում էր մեծ ուժերով չգնալ առաջ, սակայն ալժիրցիների դարպասի մոտ վտանգավոր պահերը չէին պակասում: 120-րդ րոպեին Մեսութ Օզիլը երկրորդ գնդակն ուղարկեց Ալժիրի հավաքականի դարպասը և վճռեց խաղի ելքը: Այդուհանդերձ Ալժիրը դրանից հետո էլ չհանձնվեց և կարողացավ վերջին վայրկյաններին կրճատել հաշվի տարբերությունը: Արդյունքում Գերմանիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Ֆրանսիայի հետ:
[b]Գերմանիա – Ալժիր`2:1[/b]
Գոլեր` Շյուռլե 92', Օզիլ 120' – Ջեբու 121'