211652_close_icon
views-count2051 դիտում article-date 14:05 21-07-2014

Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հուլիսի 19-ի երեկոյան Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման և հայ հավատացյալներին ու եկեղեցու հոգևորականներին ծեծի ենթարկելու առնչությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն է տարածել, որը [b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է ստորև. «2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգևորականը և թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել և զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով՝ եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգևորականի և Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը և նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Կարճ ժամանակ անց երկու կողմերն էլ հեռացել են: Երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա և դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգևորականներից մեկի լանջախաչը և վերցրել են իրենց հետ: Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցներ, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու դեմ հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաև մկրտության եկած ժողովրդի վրա, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել: Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչև ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ և հանդարտեցրել կռվողներին: Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել և ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լևոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր: Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայութան հանդեպ սերմանվող ատելության արդյունք է: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային և միջկրոնական հարաբերությունները և կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր