1525 դիտում
11:16 25-07-2014
Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլև նրանց սխրանքով
ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաև համատեղ նախաձեռնություններով՝ օգտագործելով միմյանց ներուժը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանի հետ։ Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ իրականացնում է «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը, որի շրջանակներում պատրաստել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մասին պատմող 30 հոլովակ։
Րաֆֆի Գևորգյանը շուրջ 50 պատանիների ու երիտասարդների հոլովակների միջոցով ներկայացրեց Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհած հայորդիների գործն ու սխրանքները։ «Շատ կարևոր է, որ մարդ փոքր տարիքից ունենա հերոս, որին կձգտի նմանվել և որի գործը կփորձի շարունակել։ Ու այդ հերոսները պետք է լինեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Այդ հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանուններով, այլև նրանց սխրանքներով»,- դիմելով միջոցառմանը ներկաներին՝ ասաց Րաֆֆի Գևորգյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ հոլովակները հետաքրքրություն կառաջացնեն պատանիների մոտ, ու նրանք կբացեն գրքեր, կուսումնասիրեն համացանցային տեղեկությունները՝ հերոսների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։
Խոսելով Լեոնիդ Ազգալդյանի մասին՝ Րաֆֆի Գևորգյանը շեշտեց, որ գիտնական-ֆիզիկոսն իր ընկերների հետ գիտական միտքը կենտրոնացրել է զենքերի նախագծման, մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այն գործիչներից էր, ով կարևորում էր առանձին գործող ջոկատների միավորումն ու կանոնավոր բանակ ունենալու գաղափարը։ Ազգալդյանն ասում էր, որ հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի կանոնավոր բանակը:
Րաֆֆի Գևորգյանն անդրադարձավ նաև Արծվաշենի 11 հերոսներին և Վոլոդյա Դարբինյանին։ Վոլոդյա Դարբինյանն ու նրա 11 զինակիցները, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են՝ թշնամու կրակը գիտակցված ընդունելով իրենց վրա։
Պատանիները ծանոթացան Արշակ Ղամբարյանի, Աշոտ Չախոյանի և մեր մյուս զոհված ազատամարտիկների սխրանքներին։ Հատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ով միայն 12 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին։ 8 լեզվի կատարելապես տիրապետող գիտնականն իր կյանքը նվիրում է հայոց ազատագրական պայքարին՝ մեծ ներդրում ունենալով նաև Արցախի ազատագրման գործում։
Միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու խրոխտ յարխուշտայով։
Նմանատիպ նյութեր
1738 դիտում
18:21 27-06-2014
Ուրիշ անուն-ազգանունով ներկայացածին, իրականում, հարվածել էին խոհանոցային դանակով
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»