211652_close_icon
views-count1967 դիտում article-date 22:50 25-07-2014

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետևել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում: Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարևորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, և մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին»: Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) և 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60-ը վարչական պաշտոններում և 740-ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաև ավելի քան 20 տեղական կազմակերպություն: Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ: Ծրագիրը միտված է նաև բարելավելու Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը և բնապահպանական կայուն զարգացմանը: Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650-ի: Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից): Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ: 2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges-UWC) կրթական ցանցին և ստացել «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է): Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի` 10-ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: Դպրոցն ստանալու է հավատարմագրում՝ Քեմբրիջի IGCSE՝ 14-16 և IB Diploma՝ 16-19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու: 2015 թ. Դիլիջանում իր գործունեությունը կսկսի ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը: Հանրապետության վարչապետն այցելել է նաև կենտրոնի շինհրապարակ, տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա քայլերով: Նախատեսվում է, որ վերակառուցման արդյունքում այս կառույցը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն: Այստեղ իրականացվելու են ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, փորձի փոխանակման ծրագրեր: Փոփոխության են ենթարկվելու համալիրի արտաքին տեսքը, ճակատային հատվածը: Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ:

Նմանատիպ նյութեր