211652_close_icon
views-count1127 դիտում article-date 15:28 30-07-2014

Քննարկվել են Երևանի ու Կարրարայի միջև կրթամշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության առաջարկներով Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ է հանդիպել Իտալիայի Կարրարա քաղաքի կրթական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Հնադիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին։ Երևանի քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին և կարևորելով հանդիպումը՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է. «Կարրարան Երևանի առաջին քույր քաղաքն է. մեր բարեկամության վկայությունը՝ ձեր քաղաքից նվեր ստացած «Բարեկամության ձեռքեր» մարմարե հուշարձանը, 1964 թվականից ի վեր մեր քաղաքացիներին ու հյուրերին ծանուցում է այդ մասին։ 1973 թվականին ստորագրված փաստաթղթով հաստատված բարեկամությունը, ուրախ ենք, որ հատկապես Հայաստանի անկախացումից հետո ամրապնդման միտումներ ունի։ Դա արտահայտվում է ձեր այցերով, նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ձեր պարբերական ներկայությամբ և, համոզված եմ, առավել գործնական ձևաչափ կունենանք, ահա, ձեր այս այցով»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին ևս հույս է հայտնել, որ նմանօրինակ կոնկրետ նախաձեռնությունները կամուրջներ կդառնան ամուր համագործակցության համար։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Կարրարայի քաղաքապետ Անջելո Զուբբանիի ջերմ ողջույները՝ պատվիրակության անդամ Ռիկարդո Կանեզին ընդգծել է, որ մշակութային, կրթական, ինչպես նաև տնտեսական ու միջավայրի պահպանության և այլ ոլորտներում հնարավոր համագործակցության առաջարկների նախադրյալներն այցից առաջ քննարկվել են Կարրարայի քաղաքապետի հետ. «Կարրարան Երևանի համեմատ փոքր քաղաք է, որտեղ որոշ չափանիշներ կան, որոնք բնորոշ են մեծ քաղաքներին։ Կարրարայում է գտնվում Իտալիայի Գեղեցիկ արվեստների ամենակարևոր երեք ինստիտուտներից մեկը, որը միջազգային համբավ ունի։ Կարրարան նաև մարմարի արդյունահանման ու մշակման աշխարհի կարևոր կենտրոններից է, այնպես որ, կարծում ենք, համագործակցության ուղղությունները բազմաբնույթ կարող են լինել: Կարրարայի քաղաքապետի անունից եմ ասում՝ համագործակցությունը զարգացնելու և որոշակի ծրագրերով ամրապնդելու, հին բարեկամությանը հարիր գործընկերություն նախաձեռնելու մեծ ցանկություն կա»,- ներկայացրել է Ռիկարդո Կանեզին։ Կրթամշակութային համագործակցության առաջարկին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պատվիրակությանն առաջարկել է գործակցություն նախաձեռնել Երևանի Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի հետ՝ հիմք ըմդունելով դպրոցի մասնագիտական ուղղվածությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկելու և ծրագրեր մշակելու նպատակով կիրառել հնարավոր բոլոր միջոցները։

Նմանատիպ նյութեր