1384 դիտում
13:25 02-08-2014
Երևանում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում այսօր վերաբացել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Նախարարը փոխքաղաքապետի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տաղավարներով, զրուցել վաճառողների և գնորդների հետ, որոնք հույս են հայտնել, որ այն շարունակական կլինի ու կընդգրկի նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններ:
Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին, նախարարը նրանց տեղեկացրցել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գների դիտարկումներ է անցկացրել Երևանում գործող մանրածախ առևտրի մյուս շուկաներում, որոնց հիման վրա կազմվել է գյուղմթերքի վաճառքի կողմնորոշիչ գների ցուցակ, որը փակցվել է տոնավաճառի յուրաքանչյուր տաղավարում: Նախարարի համոզմամբ, այդ գները պարտադրող չեն, սակայն թույլ կտան տոնավաճառին մասնակցող գյուղատնտեսներին ավելի լավ կողմնորոշվել իրենց արտադրանքի գնագոյացման խնդրում, իսկ գնորդներին հնարավորություն կտան տեղեկանալու մայրաքաղաքում վաճառվող գյուղմթերքի գների մասին:
«Երեք շաբաթ շուտ բացեցինք գյուղատնտեսական այս տոնավաճառը՝ ելնելով երկուստեք պահանջից: Անհրաժեշտության դեպքում կբացվի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Տոնավաճառին, որը կկազմակերպվի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի շուրջ 100 գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրել է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն, իր հերթին, աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցելու պայմանները տոնավաճառներին, որոնք անց են կացվում 2011 թվականից, անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառին առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
Նշենք, որ այս տարվա գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 8-ին Կասյան փողոցի վերին հատվածում:
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
14:05 11-06-2016
Երևանում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1539 դիտում
13:42 08-06-2014
Կասյան փողոցին հարող հրապարակում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը
8613 դիտում
13:55 10-06-2017
Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ