1287 դիտում
17:34 06-08-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հորդորել է ակտիվացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա հրատապ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Այս մասին է տեղեկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, հատկապես, պտղի որոշ տեսակների և բանջարեղենի համար: Հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, Սերգո Կարապետյանը հորդորել է արտահանող ընկերություններին էլ ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ` ավելացնելով հայկական արտադրանքի արտահանման ծավալները:
«Ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից, հարկավոր է ակտիվացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների համար` սկսած պտուղ-բանջարեղենից մինչև միս և կաթնամթերք: Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից , ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար: Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք »,- մասնավորապես նշել է նախարարը:
Նախարարը կարևորել է նաև ՌԴ-ում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնելով, որ ս.թ. հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայում անց է կացվելու Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 75-ամյակին նվիրված գյուղատնտեսական ցուցահանդես: Սերգո Կարապետյանը խորհրդարկցության մասնակիցներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել այդ խոշորագույն միջոցառմանը մասնակցելու ուղղությամբ, իր կողմից խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ խնդրում:
Խորհրդակցության ընթացքում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են մի շարք առաջարկներ`արտահանման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ: Առաջարկվեց Առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները կրճատել և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկում է արտահանման եռուն շրջանը, այն տրամադրվի նաև ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև նվազեցնել պահանջվող փաստաթղթերի քանակը :
Խորհրդակցության ավարտին Սերգո Կարապետյանը հանձնարարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկները և ըստ ամենայնի աջակցել դրանց լուծման գործում:
Նմանատիպ նյութեր
864 դիտում
18:26 13-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
3247 դիտում
20:07 06-06-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»