815 դիտում
15:53 08-09-2014
Նոր կանոնակարգումներ` դատաբժշկության ոլորտում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` նվիրված դատական բժշկության արդի խնդիրներին։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանը ներկայացրեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկա վիճակը, կառուցվածքը, գործունեությունը և զարգացման հեռանկարները։ Նա շեշտեց, որ բարդ փորձաքննությունների բաժնի համար խնդրահարույց է նեղ մասնագետների` դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններին մասնակցության ապահովումը: Կարևորվեց նաև գլխավոր և առաջատար մասնագետների ինստիտուտի ստեղծումը։ Նշվեց, որ ավելացել են հանձնանժողովային, համալիր և կրկնակի փորձաքննությունները: Բանախոսը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ներկայացված առաջարկներին, մասնավորապես` մարզերում դիահերձարանների վերազինման, տրանսպորտային հագեցվածության ապահովման, հիվանդանոցներում պետպատվերի հիմունքներով դատաբժշկական դեպքերի հետազոտության, արտասահմանում կադրերի վերապատրաստման խնդիրներին:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև բժշկական փաստաթղթերի լրացման չափորոշիչների ստեղծումը և դրանց կիրառումը: Շեշտեց, որ անհրաժեշտ է մշակել ինստիտուցիոնալ մոտեցումներ` չանդրադառնալով առանձին դեպքերի, որոնք իրավական դաշտում են: Նախարարը հանձնարարեց Առողջապահության ազգային ինստիտուտին` զբաղվել վերը նշված բոլոր հարցերով։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանն ընդգծեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ստեղծվել է 2004 թվականին, հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրով, անդրազգային հանցավորության դեմ պայքարի նպատակով: Կառույցը` որպես դատաբժշկական գիտագործնական կենտրոնին հարակից և այլընտրանքային ծառայություն, զբաղվում է դատաբժշկական փորձաքննություններով: Բյուրոն ունի վեց դատաբժիշկ: Նշվեց, որ կենտրոնը զբաղվում է կրկնակի փորձաքննություններով, նաև բժշկական իրավախախտումների վերաբերյալ առաջնային հանձնաժողովային բժշկական փորձաքննություններով:
«Պետք է նվազագույնի հասցնել բժշկական սխալների դեպքում առկա սուբյեկտիվ գործոնը: Դրա համար, կարծում եմ` անհրաժեշտ է կազմակերպել քննարկումներ նաև ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Իմ կարծիքով, ամենաարդյունավետ մեխանիզմները կլինեն գործելակարգերը, որոնք կընդունվեն առողջապահության ազգային ինստիտուտի կողմից»,-նշեց Արտաշես Ջավադյանը։
Արմեն Մուրադյանը կարևորեց այն դեպքերի վերհանումն ու վերլուծությունը, որոնց վերաբերյալ կան իրար հակասող դատաբժշկական եզրակացություններ: «Անհրաժեշտ է ունենալ թվային տվյլաներ։ Եթե այդ եզրակացությունների թիվը մեծ է, նշանակում է` արդեն իսկ առկա է խնդիր, որը պետք է լուծում ստանա»:
Նախարարը կարևորեց մարզերում դատաբժշկական փորձագետներով հագեցվածության խնդիրը: Դաշտի ներքին կանոնակարգման համար Արմեն Մուրադյանն ընդգծեց չափորոշիչները հստակեցնելու խնդիրը` առաջնային համարելով հատկապես բուժհաստատություններում հիվանդի պատմագրության, բժշկական փաստաթղթերի լրացման կարգի սահմանումը: «Չչափագրված կանոնները հանգեցնում են տարատեսակ իրավիճակների, ուստի գործողությունները պետք է ամրագրված լինեն` ըստ չափորոշիչների»,-նշեց առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին առաջարկեց համագործակցել վեր հանված խնդիրների լուծման շուրջ, ներկայացնել առաջարկներ` միաժամանակ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտին և բժշկական օգնության քաղաքականության վարչությանը հանձնարարելով սեղմ ժամկետներում մշակել մասնագիտությունների որակավորման բնութագրերը, գործելակարգերը և նորմատիվային այլ փաստաթղթեր, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ` դատաբժշկական փորձագետների, ինչպես նաև համապատասխան ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եզրափակելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հետևողական է լինելու այս հարցերի շուտափույթ լուծման հարցում:
Նմանատիպ նյութեր
3069 դիտում
22:46 26-06-2018
Դատաբժշկության և պաթոլոգիայի ոլորտներում փորձի փոխանակման համար Էստոնիայից մասնագետներ կժամանեն Հայաստան
1235 դիտում
16:11 29-11-2022
ՀՀ-ն և Նոր Զելանդիան կարող են համագործակցել բարձր տեխնոլոգիաների, ոլորտում. Խաչատուրյանը՝ նոր դեսպանին
1440 դիտում
14:33 10-03-2014
Հոգեբուժության ոլորտում նոր ծրագրեր կմշակվեն
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր