211652_close_icon
views-count1187 դիտում article-date 21:09 10-09-2014

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի հարցերով համատեղ կոմիտեի անդրանիկ նիստ Երևանում

Սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը նշեց, որ միջմարդկային շփումների խրախուսումը, հասարակությունների միջև շարժունակության բարձրացումն ու միգրացիայի արդյունավետ կառավարումը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ-ԵՄ օրակարգում, և այդ ոլորտներում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նախարարի տեղակալը կարևորեց վիզաների դյուրացման համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը և հանրության իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրներին, քննարկվեցին համատեղ կոմիտեի կանոնակարգը, վիզաների տրամադրման հետ կապված մի շարք հարցեր ու առաջարկություններ: Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաև «Հայաս¬տանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հար¬ցերով փորձագետների համատեղ կոմիտեի նիստը: Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Հայկական կողմից վերը նշված նիստերը վարում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նմանատիպ նյութեր