211652_close_icon
views-count1657 դիտում article-date 19:49 14-06-2016

Երևանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը

Հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը: Նիստի մասնակիցներին ողջունի խոսք ուղղեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Փոխնախարար Նազարյանն իր խոսքում շեշտեց, որ ներկայումս միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգության ոլորտում ԵՄ առաջ կանգնած մարտահրավերների հետ մեկտեղ պետք է ճանապարհներ գտնել շարժունակության և մարդկանց միջև շփումների համատեղ հանձնառությունը պահպանելու համար: Նշվեց նաև, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թե Վիզաների դյուրացման և թե Հետընդունման ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը, և հույս հայտնեց նաև, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համաձայնագրի իրականացման հետ կապված մի շարք գործնական հարցերի: ԵՄ կողմն արձանագրեց վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագրերի դիմումների աճը: Երկուստեք շեշտվեց հանրային իրազեկվածուցության բարձրացման կարևորությունը: Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը: Հայկական կողմից վերը նշված նիստերը նախագահում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ԵՄ կողմից` Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության Վիզաների քաղաքականության բաժանմունքի պետի տեղակալ Դիդրիկ Պալմանը և նույն տնօրինության Անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի «Վերադարձի և հետընդունման» ոլորտի ղեկավար Դան Ռոտենբերգը: Ի գիտություն. Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված էր համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Կոմիտեների անդրանիկ նիստերը տեղի են ունեցել 2014թ.-ի սեպտեմբերին՝ Երևանում:

Նմանատիպ նյութեր