211652_close_icon
views-count9515 դիտում article-date 16:19 14-09-2014

Բերդ քաղաքում ՀՀ նախագահի մասնակցությամբ և Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ օծվեց Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Տավուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Տարածաշրջանի բնակչության համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաև Սերժ Սարգսյանը: Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2012 թ. մայիսի 20-ին, կառուցվել է բարերարությամբ լուսահոգի պրն. Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ): Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Սերժ Սարգսյանին քաղաքի մատույցներում դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին և Սերժ Սարգսյանին մեծ խանդավառությամբ և պատվով ողջունեց Բերդի բնակիչների բազմությունը: Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցու զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Նորին Սրբությունը և Սերժ Սարգսյանը հանդիսավոր թափորով առաջնորդվեցին եկեղեցի, ուր սկսվեց շքեղակառույց եկեղեցու օծման կարգը: Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանն ու Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծեցին եկեղեցու 16 սյուները: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվեց Ս. Հովհաննես առաքյալի անունով: Հավարտ եկեղեցու օծման, ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոսը` մեծապես կարևորելով Վեհափառ Հայրապետի և ՀՀ նախագահի այցը Տավուշ և մասնակցությունն եկեղեցու օծման արարողությանը: Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունը բերեց ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնին և հայ ժողովրդի համար Խաչի խորհրդին:  Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը բերեց եկեղեցու շինարարին, ճարտարապետին և բոլոր այն անձանց, ովքեր իրենց զորակցությունն են բերել եկեղեցաշինության աստվածահաճո այս ծրագրի իրականացմանը: Ս. Հովհաննես եկեղեցու օծման հիշարժան օրվա և Խաչվերացի տոնի կապակցությամբ Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ խաչելության սրբապատկեր՝ մաղթանքով, որ բերդցիները անմար պահեն իրենց հոգիներում խաչի պարծանքն ու փառաբանությունը՝ մշտապես նորոգվելով ու զորանալով Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենարար խաչի հաղթական զորությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև աղոթք վերառաքեց առ Աստված, որ Տերն Իր սուրբ խաչի կենարար օրհնության ներքո պահպանի Բերդ քաղաքը և Տավուշ աշխարհը՝ հավատավոր իր բնակչությամբ, զորացնի ժողովրդին արդար ու բարի գործերում, այլև խաղաղություն և անսասանություն պարգևի սահմանապահ բոլոր հայորդիներին: Արարողությունից հետո եկեղեցու մուտքին երեսուն զինվորներ ի նշան խաղաղության դեպի երկինք բաց թողեցին աղավնիներ: Այնուհետև նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Տավուշի մարզից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+

Նմանատիպ նյութեր