211652_close_icon
views-count1122 դիտում article-date 17:13 25-09-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերին և Հարավկովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Գյունտեր Զիմերին` Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում գործող և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է հյուրերին Երևանում Ավստրիայի զարգացման համագործակցության գրասենյակ հիմնելու առթիվ: «Համոզված եմ, որ գրասենյակի բացումը լայն հնարավորություն կընձեռի երկկողմ բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու համար և կնպաստի հայ-ավստրիական հարաբերությունների խորացմանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Այնուհետև նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները և գոհունակությամբ նշել, որ դրանցում իր մասնակցությունն է ունեցել նաև ավստրիական կողմը: Ավստրիայի զարգացման գործակալությունը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման և Արևելյան գործընկերության գյուղատնտեսության և գյուղի զարգացման 2014-2017 թվականների ծրագրերի համար տրամադրել է շուրջ 1,5 մլն եվրո: Պարոն Լեդոլտերը, արտահայտելով հետայսու ևս Հայաստանի հետ համագործակցելու պատրաստակամությունը, նշել է, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որն ունի գործակցության մեծ ներուժ, և ավստրիական կողմի հետ համատեղ գյուղատնտեսության զարգացման ծրագրերը կունենան շարունակական բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի առաջիկայում Ավստրիա կատարվելիք պաշտոնական այցը հնարավորություն կտա ծանոթանալ տեղի փորձին և պետական ու մասնավոր ընկերությունների հետ տեղում քննարկել համատեղ իրատեսական ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ավստրիական կողմին քննարկել մի շարք հրատապ ծրագրերի, այն է` Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ոռոգման ժամանակակից համակարգերի ու այգետարածքների կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խորհրդատվական համակարգերի կատարելագործման համար ֆինանսավորման հնարավորությունները: Նախարարը նպատակահարմար է համարել երկկողմ քննարկումների արդյունքներով կազմել եռամյա հեռանկարային ծրագիր, որում կընդգրկվեն վերը նշված նպատակներին հասնելու գործնական քայլերը: Պարոն Լեդոլտերը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել հայկական կողմի ներկայացրած առաջարկություններն ու տեղեկացնել կայացրած որոշումների մասին:

Նմանատիպ նյութեր