211652_close_icon
views-count2651 դիտում article-date 11:19 26-09-2014

«Իմ Հայաստան» փառատոնի հանդիսավոր փակումը. «Հայ երգի օր»` նվիրված Կոմիտասի 145 ամյակին

Սեպտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկական թատրոնում «Հայ երգի օր» խորագրով միջոցառմամբ տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառումը նվիրված էր ժամանակակից հայկական դասական երաժշության հիմնադիր Կոմիտասի 145-ամյա հոբելյանին: Երեկոյի ընթացքում հնչեցին կոմիտասյան տարբեր ստեղծագործություններ, փոքրիկ ակնարկ կատարվեց Կոմիտասի կյանքին, թողած ժառանգությանը, ներկայացվեցին հատվածներ հայ մշակույթին վերաբերող նրա խոսքերից: Միջոցառումն սկսվեց Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարախմբի ելույթով: Ելույթ ունեցան Լոս Անջելեսի համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ երգչուհի Մարգարիտ Շահինյանը և Սամվել Գալստյանը: Կոմիտասյան երգերի և մյուս հայ երգահանների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան փառատոնի մյուս մասնակիցները՝ Լիբանանից ՝ Շողիկ Թորոսյանը և Ավետիս Մելքոնը, Թուրքիայից՝ Արթուր Բաղդասարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթը, «Զվարթնոց» քառյակը, Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը և ուրիշներ: Երեկոն վարում էր ՀՀ վաստակաոր արտիստ Սարգիս Նաջարյանը: Համերգի ավարտին բեմ հրավիրվեցին միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք կատարեցին ՀՀ սփյուռքի նախարարության հիմնը (խոսք`Ռուզան Ասատրյանի, երաժշտությունը Ռուսլան Գալստյանի): Միջոցառումն ամփոփեց ՀՀ սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ Կոմիտասը՝ հայ երգի Մեսրոպ Մաշտոցը¸ երգով ներկայացրեց հայ ոգու էությունը, խորապես ուսումնասիրեց իր նախորդների ներդրումը հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման մեջ և ստեղծեց նոր ազգային երաժշտական դպրոց` ամբողջ աշխարհին ապացուցելով, որ հայն աշխարհին մեծ արվեստ մատուցելու առաքելություն ունի: Նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Այսօր մենք ավարտում ենք հուլիս ամսից սկսված մշակութային միջոցառումների շարքը: Պարարվեստի, երգչախմբային արվեստի օրերի և դուդուկի փառատոնի շրջանակներում մենք հնարավորություն ունեցանք վայելելու Հայրենիքի և Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցների կատարումները: Այսօր էլ, ձեր շնորհիվ, մենք վայելեցինք հայ երգի հրաշալի մեղեդիներ: Կրկին համոզվեցինք, որ մեր ազգային երաժշտության մեջ ամփոփված է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը հոգևոր կենսավիշ է ներարկում Սփյուռքում ապրող, մեր հայրենակիցներին և դառնում ամուր պատնեշ` ընդդեմ օտար անբարենպաստ ազդեցությունների»: Նախարարը անուն առ անոնւն շնորհակալություն հայտնեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Նա նաև շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին` նշելով, որ առանց նրա մասնակցության այս հրաշալի միջոցառումը չեր կայանա: Տիկին Հրանուշ Հակոբյանը բոլոր մասնակիցներին պարգևատրեց հավաստագրերով և հույս հայտնեց որ այսուհետև ևս կգործեն առավել ակտիվ և նվիրումով` դառնալով հայապահպանության երաշխավորներ: Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ-Արմենիա» ընկերությունը, հովանավորն է նաև «Տաշիր Գրուպ» ընկերությունը: Տեղեկատվական աջակցությունն ապահովել էին Հայաստանի հանրային, «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները և Հայաստանի հանրային ռադիոն:

Նմանատիպ նյութեր