211652_close_icon
views-count3235 դիտում article-date 16:02 06-10-2016

Ներքին Բազմաբերդում տեղի կունենա «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնի հանդիսավոր փակումը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից իրականացնում է «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը: 2013 թվականից այն անցկացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Ս. թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառմանը կպարգևատրվեն շարադրությունների մրցույթի հաղթողները, կատարումներով հանդես կգան էպոսասացության մրցույթի հաղթողները և լավագույն ասացողները, ելույթ կունենան ազգագրական երգ ու պարի խմբեր, անհատ կատարողներ: Նշենք, որ փառատոնի շրջանակում, ՀՀ մարզերում տեղի են ունեցել էպոսասացության մրցույթներ, իսկ Գավառի երկրագիտական թանգարանում` մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են դպրոցականներ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Իսկ «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում: Ծրագրի մաս են կազմել նաև «Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» թեմայով դասախոսությունը և «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը, որն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ զորամասում: «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը կարևորվում է էպոսի հանրահռչակման, մանուկների ու պատանիների ազգային, հայրենասիրական դաստիարակության առումով, ինչպես նաև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Նմանատիպ նյութեր