211652_close_icon
views-count1226 դիտում article-date 14:02 26-09-2014

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները: Վարչապետը նշել է, որ էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և կարևորել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունը բնագավառի հետագա զարգացման գործում: Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համագործակցության համար և անդրադարձել էներգետիկայի բնագավառում իրականացված ուսումնասիրության արդյունքներին: Պարոն Քերալին ընդգծել է, որ այս ոլորտում վերջին 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց, որի հետագա շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների երկրորդ փուլն՝ իրագործելով հստակ ծրագրեր: ՀՀ էներգետիկ բնագավառում համալիր վերլուծություն իրականացրած ՀԲ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների արդյունքները՝ ոլորտում Հայաստանի ունեցած առավելություններն ու խնդիրները, առաջիկա տարիների ընթացքում կատարվելիք հնարավոր քայլերն ու մարտահրավերները: Քննարկվել են էներգետիկ անվտանգության, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակվում է միջոցառումների համալիր ծրագիր՝ ուղղված էներգետիկ համակարգի հետագա զարգացմանը, որը կներկայացվի մինչ տարեվերջ: Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին՝ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ կառավարության նպատակն է երկրում ապահովել էներգետիկ կայուն համակարգ: Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՀԲ պատրաստակամությունը՝ հետագայում ևս ՀՀ կառավարությանը տրամադրելու տեխնիկական օժանդակություն և խորհրդատվություն:

Նմանատիպ նյութեր