211652_close_icon
views-count1058 դիտում article-date 20:14 15-05-2014

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան- Միշել Հափին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները և արձանագրելու նոր հաջողություններ: ՀԲ տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Հենրի Քերալին ընդգծել է, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, և Հայաստանը վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է: Պարոն Քերալին վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում և հասնել փոխգործակցության ավելի բարձր մակարդակի: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի 2014-2017 թթ. երկրի գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին: Այս համատեքստում արծարծվել են պետական կառավարման համակարգում, տեսչական, քաղաքացիական ավիացիայի, հարկային և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող մանրամասներ:

Նմանատիպ նյութեր