10164 դիտում
10:59 13-10-2014
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «24»-ը բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Գասպարյանը իր վարած Գազ 2410 մակնիշի 25 ՏԼ 045 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախ եզրին կանգնեցված էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից հետո ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով Ա. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համագյուղացի և հասակակից Ալեքս Հարությունյանը «գանգուղեղային տրավմա, տրավմատիկ շոկ» գլխի վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական խումբը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Հարությունյանը սովորում է նույն գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: