11141 դիտում
21:09 14-10-2014
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Քննարկվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2014 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստի սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների ընթացքին եւ ընդգծեց այն պատասխանատվությունը, որ կրում են ստորաբաժանումների ղեկավարները իրենց ոլորտում փոփոխությունների հերթական փուլն ավարտին հասցնելու եւ արդյունքներն ամրագրելու համար:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետու շրջանում իրականացրած աշխատանքը՝ նշելով օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում ծագող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
Վլադիմիր Գասպարյանն առանձնացրեց մի շարք հիմնախնդիրներ՝ նիստի մասնակիցների ուշադրությունը, մասնավորապես, հրավիրելով կրտսեր կազմի գործնական պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա, նկատի ունենալով, որ հենց այդ անձնակազմն է անմիջականորեն շփվում քաղաքացիների հետ:
Ընդգծվեց նաեւ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում բնակչության հետ համագործակցությունը խորացնելու, հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական պահպանության, համայնքային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների համատեղ աշխատանքը նոր մակարդակի բարձրացնելու եւ մի շարք այլ ոլորտներում որակական տեղաշարժերի հրատապ անհրաժեշտությունը:
Հաշվետու շրջանում կատարված աշխատանքի վերլուծությամբ հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների, պարեկապահակային ծառայության, ոստիկանության զորքերի եւ այլ ստորաբաժանումների գործունեությունը ինչպես բարեփոխումների, այնպես էլ բուն ծառայողական պարտականությունների կատարման ուղղությամբ՝ ոստիկանության պետը կարեւորեց հատկապես արտաքին ծառայողների աշխատանքի արմատական բարելավման խնդիրը՝ իր պահանջը մասնավորելով Ճանապարհային ոստիկանության օրինակով:
Կոլեգիայի նիստում նշվեցին այն միջոցառումները, որոնք ուղղված են Ճանապարհային ոստիկանության կառուցվածքային, բարոյահոգեբանական, գործառնական վերափոխություններին, ինչպես եւ տեխնիկական նորագույն միջոցների ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցման ծրագրի իրագործմանը, ինչը թույլ կտա ունենալ արդիական ճանապարհային ոստիկանություն, որը հանրային պահանջ է եւ ոստիկանության ղեկավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ծառայությունների եւ ստորաբաժանումների ղեկավարներին՝ նշելով դրանց իրականացման կոնկրետ շրջանակներն ու ժամկետները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+