211652_close_icon
views-count1146 դիտում article-date 16:43 22-10-2014

Օմբուդսմենը հղիների նպաստի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը: Օրինագծով կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար կտրամադրվի միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միևնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Այսինքն՝ ոչ միայն էապես նվազում է ստացվող գումարի չափը, այլև այն կախման մեջ է դրվում նույն աշխատավայրում աշխատելու հանգամանքից: Օմբուդսմենը մտահոգ է, որ նման պահանջը կարող է սահմանափակել կնոջ աշխատանքի ընտրության սահմանադրական ազատությունը և հանգեցնել գործատուների կողմից աշխատանքային իրավունքների չարաշահման: Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100 տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին: Օրինագիծը նաև անհամեմատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն կանանց համար, ովքեր արդեն իսկ հղիացել են գործող օրենքի ժամանակ: Ստացվում է, որ նրանց վրա տարածվելու են օրինագծով առաջարկվող ավելի վատթար պայմանները՝ այսպիսով խախտելով օրինական ակնկալիքի սկզբունքը: Ընդգծելով հղի կանանց սոցիալական երաշխիքները վատթարացնելու անթույլատրելիությունը՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն անհրաժեշտ է համարում պատշաճ հանրային քննարկումների անցկացումը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը պատրաստակամ է վերոնշյալ խնդրահարույց կետերը և դրանց վերանայման ճանապարհները քննարկել շահագրգիռ բոլոր պատգամավորների հետ:

Նմանատիպ նյութեր